Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ապրեցնո՞ղ, թե՞ անկումային. ինչպիսի՞ն է մեր օրհներգը

Մարտ 17,2015 20:25

«Քանի դեռ պետականորեն ընդունված են մեր ներկայիս օրհներգն ու զինանշանը, դրանց չի կարելի տարատեսակ որակավորումներ տալ: Օրինակ՝ զինանշանի մասին խոսելիս չի կարելի «գազանանոց» բառն օգտագործել: Դա անթույլատրելի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը՝ նկատելով, որ պետք է հաշվի առնել և այն, որ զինանշանի փոփոխությունը մեծ ծախսեր է ենթադրում. «Ավելի լավ է այդ գումարները ծախսենք մի քանի շենք կառուցելու վրա»,- նշեց նա:

«Զինանշանի վրայի կենդանիները ոչ թե կենդանաբանական այգուց են վերցված, այլ մեր պատմությունից,- նկատեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը,- ուղղակի մոտեցումը պետք է պատմագիտական ուսումնասիրության վրա հիմնված լինի»:

Ս. Կարապետյանի համոզմամբ՝ եթե ուսումնասիրվի մեզ հասած ողջ նյութը, պարզ կդառնա՝ առյուծի և արծվի բերանները պետք է բաց լինեն, թե փակ. «Եթե, իրոք, առյուծի բերանի բաց լինելուց է կախված մեր պատվով ապրելը, թող բաց լինի»,- ասաց հուշարձանագետը՝ անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարարության հրամանագրով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի գործունեությանը, որի նպատակը ՀՀ պետական խորհրդանիշների վրա որոշակի փոփոխություններ և շտկումներ կատարելն է:

Ս. Կարապետյանը տպավորված է հատկապես Գերմանիայի զինանշանի վրայի արծվով. «Նման արծիվ ունենալու համար մենք պետք է այդ երկրին հասնենք կամ էլ պետք է այդպիսի արծիվ պատկերենք ու փորձենք հասնել դրան: Ի վերջո, խորհրդանիշները չեն կարող պատահական լինել: Ճիշտ պատկերումն իսկապես երկրորդական չէ, քանի որ անգամ ճիշտ դրված անունն է մարդուն օգնում»,- համոզված է Ս. Կարապետյանը:

Դառնալով օրհներգին՝ նա հետևյալն ասաց. «Իմ արվեստագետ ընկերներից մեկն ասում է, որ «Մեր հայրենիք»-ը ոչ միայն ոտքի չի կանգնեցնում, այլև երբ հնչում է, ինքն ուզում է մտնել սեղանի տակ: Մեր օրհներգը ծայրահեղ անկումային գործ է: Իսկ ահա «Ես իմ անուշ Հայաստանի»-ն՝ չարենցյան խոսքն ու մանսուրյանական երաժշտությունը, որքան էլ հոգնած ես լինում, առնվազն մի քանի ժամ աշխատելու ուժ է տալիս: «Ես իմ անուշ Հայաստանի»-ից ավելի հայրենասիրական տողեր դեռ չեն գրվել, և երկու հանճարների միության արդյունքում հրաշալի մի բան է ստացվել, որը ես, կարելի է ասել, ամեն օր լսում եմ: Այն աշխատանքի է մղում: Մեր օրհներգի փոփոխության խնդիրը վաղուց է մեր առջև դրված, և ամոթ է, որ այսքան ժամանակ չի հաջողվում»:

«Օրհներգին վերաբերող բոլոր դիտողությունները կեղծ էսթետիզմի արտահայտություններ են: Օրհներգը տվյալ ժողովրդի երազանքներն ու ցավերն է ներկայացնում և քանի դեռ արտացոլում է դրանք, պետք չէ այն փոխել: Եվ, ընդհանրապես, օրհներգի փոփոխության անհրաժեշտության հետ կապված փաստարկները հիմնավոր չեն»,- հակադարձեց Վ. Դևրիկյանը՝ հավաստիացնելով, որ ներկայիս օրհներգը ապրեցնող է և հայրենիքի հանդեպ սեր տարածող. «Փոփոխություններ կատարելը պարապ-սարապների անհեռանկարային գործ է: Այն, որ ես մնացել եմ այստեղ, չեմ ընդունել դուրս գնալու հրավերները, դրանում մեծ ներգործություն է ունեցել նաև մեր օրհներգը: Իսկ «Ես իմ անուշ Հայաստանի»-ն ինձ համար օրհներգ չէ»,- ասաց Վ. Դևրիկյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gago says:

    Ոչ «Ես իմ անուշ Հայաստանի»-ն ոչ էլ «Մեր հայրենիք»-ը օրհներգ չեն: Մեկը իր կոմպոզիցիայով, մյուսը պարզապես անհույզ լինելով: Իսկ Խաչատրյանի գրածը հոգիդ լցնում է սիրով հանդեպ Հայաստան աշխարհի: Այդպես էր երեկ, այդպես է հիմա: Ով չուզեց որ դա մնա օրհներգ… լավ չասեմ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031