Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երկրորդ տարին անընդմեջ պաշտոնական նվագախմբի կարգավիճակով մասնակցում է Բեյրութի «Ալ Բուստան» միջազգային փառատոնին:
1994 թվականից անցկացվող փառատոնը մինչև օրս ավելի քան 4 000 արվեստագետների է հրավիրել աշխարհի տարբեր ծայրերից: Այս տարի փառատոնին հրավիրվել են շուրջ 300 արտիստներ, իսկ փառատոնային ծրագրում եղել են օպերային, սիմֆոնիկ, խմբերգային, կամերային, ջազային, արևելյան երաժշտություն, ինչպես նաև պարային և թատերական ներկայացումներ:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Երիտասարդական նվագախմբի` փառատոնին մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում է եղել և իրականացվել է 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ինչպես նաև նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ. «Փառատոնի ընթացքում նվագախմբի երաժիշտները, դիրիժորները և ադմինիստրացիայի ներկայացուցիչները հանդես եկան Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշանով:
Մեզ համար ուրախալի է, որ մեր նվագախումբը բարձր կատարողական վարպետությամբ ներկայացավ բավականին հեղինակավոր այդ երաժշտական փառատոնին»,- նշեց Ա. Պողոսյանը՝ ընդգծելով, որ նախորդ տարի էլ Երիտասարդական նվագախումբը փառատոնին պաշտոնական հյուրի և գլխավոր գործընկերոջ կարգավիճակով է մասնակցել. «Այս տարի ևս փառատոնի ղեկավարությունը հրավիրել էր Երիտասարդական նվագախմբին և թույլատրել էր, որ այդ մասնակցությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում անցկացվող միջոցառում համարվի»,- հավելեց փոխնախարարը:
Կարդացեք նաև
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հավաստիացմամբ՝ «Անմոռուկներով» ելույթը շատ լավ է ընկալվել փառատոնի կազմակերպիչների և մյուս մասնակիցների կողմից. «Ոչ միայն մեր նվագախումբը, այլև փառատոնի գեղարվեստական ղեկավարն ու մենակատարը բոլոր համերգներին հանդես եկան «Անմոռուկ» կրծքանշանով: Սա խոսում է այն մասին, որ մարդիկ հասկանում են և պատրաստ են այդ քայլին»,- ընդգծեց Ս. Սմբատյանը:
Դառնալով փառատոնային ծրագրին՝ Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ փետրվարի 26-ից մարտի 10-ը նվագախումբը փառատոնին հանդես է եկել 5 համերգով՝ ելույթ ունենալով անվանի մենակատարների և դիրիժորների հետ: Առաջին չորս համերգներն ընթացել են փառատոնի գեղարվեստական ղեկավար, իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի գլխավորությամբ, իսկ մարտի 10-ի համերգը ղեկավարել է ինքը՝ Ս. Սմբատյանը: Ծրագրում ներառված են եղել Վ. Բելլինիի «Նորմա» օպերան, Ս. Վ. Ռախմանինովի, Պ. Ի. Չայկովսկու, Վ. Ա. Մոցարտի, Լ. Վ. Բեթհովենի ստեղծագործությունները:
«Ես շատ ուրախ եմ միջազգային բեմում նման հաջողություն ունենալու համար: «Ալ Բուստանը» տարածաշրջանի մեծագույն փառատոներից է և միջազգային ասպարեզում շատ լուրջ տեղ է զբաղեցնում: Իսկ արտիստի կյանքում մեծ հաջողություն է լուրջ տեղից հրավեր ստանալը, մանավանդ որ այդ հրավերը երկրորդ անգամ է ստանում»,- ասաց Ս. Սմբատյանը՝ նշելով, որ Երիտասարդական նվագախումբը 2016 թվականին ևս փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել, և հույս հայտնեց, որ եկող տարի էլ գործընկերները կաջակցեն իրենց, որպեսզի մասնակցեն փառատոնին:
Տեղեկացնենք նաև, որ Երիտասարդական նվագախումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում համերգներ կունենա ոչ միայն Հայաստանում, այլև Լեհաստանում, Իսպանիայում և Ֆրանսիայում:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ