Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «ԼՂՀ հարցի լուծման բանալին չի գտնվում Փարիզում, Մոսկվայում կամ Վաշինգթոնում»

Մարտ 17,2015 18:20

Այսօր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն խոսեց ԵՏՄ-ն ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեղման մասին: Նա ասաց. «Մենք ելնում ենք այն սկզբնակետից, որ հնարավոր է համատեղել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցությունը, դրանից բխող պարտավորություններով հանդերձ եւ ԵՄ-ի հետ խոր եւ ընդգրկուն օրակարգը: Մենք փորձելու ենք համադրելի եզրեր գտնել եւ սերտ կապեր հաստատելու միջոցով նպաստել համագործակցությանն ու երկխոսությանը:

Սերժ Սարգսյանը հիշեցրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին՝ ասելով, որ այն ոչ միայն մեր ողբերգությունն է, այլեւ քաղաքակրթության եւ մարդկության դեմ համաշխարհային մասշտաբի հանցագործություն: Մարդու իրավունքների հանդեպ հարգանքը եվրոպական արժեհամակարգի այն հենասյունն է, որն ընկած է մեր համագործակցության հիմքում. «Այս տարի ողջ հայ ժողովուրդը քաղաքակիրթ աշխարհի հետ միասին ոգեկոչում է 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Մենք միշտ հիշում եւ արժեւորում ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում Եվրոպական խորհրդարանի դերը»:

Անդրադառնալով ԼՂՀ հիմնահարցի կարգավորման գործընթացին՝ նա ասաց. «Ցանկանում եմ ընդգծել, որ մենք չենք պատրաստվում այս հարթակն օգտագործել քարոզչության կամ ժողովուրդների միջեւ թշնամանք սերմանելու միջոցի, ինչպես դա  տեղի ունեցավ Ադրբեջանում, այլ փորձում ենք Եվրանեսթի ընձեռած հնարավորությունը լավագույնս ծառայեցնել մեր ժողովուրդների խաղաղ գոյակցության եւ համագործակցության ընդլայնման գործին»: Նա ընդգծեց, որ հայկական պատվիրակությունն ակտիվ մասնակցել է Ադրբեջանում կայացած բազմաթիվ միջոցառումներին, ներառյալ Բաքվի լիագումար նիստին. «Ցավում եմ, որ ադրբեջանական կողմը առաջ չի գնում մեր կառուցողական երկխոսության հաստատմանն ուղղված քայլերին: Առավել մտահոգիչ է, որ մեր հարեւան պետությունը ապակառուցողական եւ առավելապաշտական կեցվածք է դրսեւորում ԼՂՀ հարցի կարգավորման բուն գործընթացում՝ հետ կանգնելով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունից` հետեւողականորեն փորձելով կա՛մ փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը, կամ առաջ մղել հիմնական պայմանագրի շուրջ բանակցությունների գաղափարը՝ առանց համաձայնության գալու հիմնարար սկզբունքների շուրջ: Մի բան պարզ է՝ խնդրի լուծման բանալին գտնվում է ոչ թե Փարիզում, Մոսկվայում կամ Վաշինգթոնում, այլ՝ Բաքվում, Ստեփանակերտում եւ Երեւանում: Մինչդեռ Ադրբեջանը մտացածին պատրվակներ է գտնում համանախագահողների առաջարկած սկզբունքների հիման վրա կարգավորումից խուսափելու նպատակով»:

Նախագահը կոչ արեց եվրոպական կառույցներին գնահատական տալ այդ երկրի նման գործելակերպին: Նա ընդգծեց, որ չնայած Ադրբեջանի՝ շփման գծում պարբերաբար սադրանքներ ձեռնարկելուն՝ ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չուն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031