Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լեհաստանում

Մարտ 17,2015 16:52

Մարտի 14-ին Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախաձեռնությամբ Վարշավայի «Պատմության հետ հանդիպման տանը» տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան հայ կաթոլիկների առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, Լեհաստանի ազգային հանձնաժողովի հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Յենդժեյովիչը, Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու Լեհաստանի ատենադպիր Բաբկեն Խանզադյանը, Լեաստանի հայ համայնքի, լեհական կրթամշակութային և հասարակական կազմակերպությունների, մշակութային հիմնադրամների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Բացման խոսքով մասնակիցներին ողջունեցին դեսպան Ղազարյանը, Յան Աբգարովիչը և Էդվարդ Միեր-Յենդժեյովիչը:

Իր ելույթում դեսպան Ղազարյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին՝ ներկայացնելով կազմակերպվելիք միջոցառումները, դրանց էությունն ու բովանդակությունը:

Միջոցառումը մեկնարկեց «Հայեր 2015. Եղեռնի մոխիրներից վեր հառնող ժողովուրդ» խորագրով շնորհանդեսով, որը ներկայացրեց Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխը: Այնուհետև տեղի ունեցավ «Ռաֆայել Լեմկին. «Ցեղասպանություն» տերմինի ստեղծողը» թեմայով Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր Անդժեյ Զիենբայի դասախոսությունը: Դասախոսությամբ հանդես եկավ նաև պրոֆեսոր Յուսեֆ Նաումովիչը, որը վերնագրված էր «Հայոց ցեղասպանությունը հիշատակող խաչքարերն աշխարհում» և ներկայացնում էր աշխարհի տարբեր վայրերում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ կանգնեցված հուշարձաններն ու խաչքարերը:

Մարտի 15-ին Վարշավայի «Սուրբ Հոգի» եկեղեցում Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան հայ կաթոլիկների առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի հանդիսապետությամբ և Լեհաստանի հայ կաթոլիկների առաջնորդ Կազիմեժ Կարդինալ Նիչի քարոզով մատուցվեց հանդիսավոր Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների:

Պատարագին ներկա էին դեսպան Ղազարյանը, Լեհաստանի Սենատի պատգամավոր, Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը, Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկական փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու Լեհաստանի ատենադպիր Բաբկեն Խանզադյանը, Լեհաստանի հայ համայնքի մշակութային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լեհ մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Կազիմեժ Կարդինալ Նիչն իր խոսքում հիշատակեց Հայոց ցեղասպանությունը` նշելով, որ այդ ողբերգությունից 100 տարի է անցել, սակայն Թուրքիան չի ցանկանում ընդունել մեղքը և կարգավորել այդ հանցագործությունը: Կարդինալի խոսքերով` Հայոց ցեղասպանությունն առաջին ցեղասպանությունն էր 20-րդ դարում, որ հետագայում ոգեշնչեց Ադոլֆ Հիտլերին` պլանավորելու և իրականացնելու հրեաների բնաջնջման զարհուրելի ծրագիրը:

Պատարագը լայնորեն լուսաբանվեց լեհական մի շարք լրատվամիջոցներով:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031