Ինչո՞ւ է բողոքել Իջեւանի ավագանու ամենաքիչ ձայներ ստացած թեկնածուն:
Իջեւանի ավագանու թեկնածու Էդգար Ամիրյանը գրավոր բողոք է ներկայացրել Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, հայտնելով, որ ինքը կասկածներ ունի, թե իր օգտին քվեաթերթիկները հաշվարկի ժամանակ դրվել են ավագանու թեկնածու Հասմիկ Ամիրյանի քվեաթերթիկների վրա:
Նշենք, որ Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ-ի տվյալներով՝ մարտի 15-ի ընտրությունների արդյունքում Էդգար Ամիրյանը ստացել է ամենաքիչ՝ 87 ձայն: Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանը հայտնեց, որ ընտրական օրենսգրքի 48 հոդվածի 1-ին մասի համաձայն ՝ իրենք կարող էին թույլատրել քվեների վերահաշվարկ միայն 41/06 ընտրական տեղամասում, ուր ձայների հաշվարկի ժամանակ ներկա է եղել Էդգար Ամիրյանը: Ըստ Ա. Սարգսյանի՝ Իջեւանի թիվ 3 դպրոցում տեղակայված այդ ընտրական տեղամասում կատարվել է քվեաթերթիկների վերահաշվարկ, որի արդյունքում թեկնածուների օգտին տրված քվեների փոփոխություն չի կատարվել: Ա. Սարգսյանը լավ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց այդ տեղամասի հանձնաժողովին, որի նախագահը «Ժառանգության» Իջեւանի կառույցի ղեկավար Մարիետա Սահակյանն է :
Մամուլում տեղեկություններ են եղել, որ Իջեւանի ավագանու ընտրությունների ժամանակ Տավուշի 41/07 տեղամասում մի կնոջ ձեռքին եղել է 3 քվեաթերթիկ, որոնք քվեարկվել էին թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանի ամուսնու եղբոր՝ ավագանու թեկնածու Էմիլ Վարդապետյանի օգտին: Ա. Սարգսյանն ասաց, որ թեկնածուներից մեկի վստահված անձը եւ տվյալ տեղամասային հանձնաժողովի անդամը տեսել են, որ քվեախցիկից դուրս եկած 75-ամյա կնոջ մի ձեռքին իրար կպած 3 քվեարթերթիկ կա, մյուս ձեռքին՝ 3 ծրար: Այդ կապակցությամբ դիմել են Իջեւանի թիվ 4 դպրոցում տեղակայված 41/07 տեղամասային հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարդանյանին, ով մարել է 2 քվերթերթիկը, կնոջ մոտ թողնելով մեկը: Աիդա Սարգսյանն ասաց, որ տվյալ տեղամասային հանձնաժողովի նախագահն ու անդամները չեն տեսել, թե ում օգտին է քվեարկել տարեց կինը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ