Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր. «Մնում էր պաշտպանից ստորագրություն վերցնեմ սուտ ցուցմունք տալու համար»

Մարտ 17,2015 16:32

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց ճանաչված երաժիշտ Արտյոմ Լալայանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Մեղադրող Աբրահամյանը  մարտի 27-ին հանդես կգա մեղադրական ճառով:

Արտյոմ Լալայանը, որը մեղադրվում է դանակահարության համար, այսօր ընդամենը մի ցանկություն հայտնեց՝ «շուտ ուզում եմ ազատություն», իսկ նրա պաշտպան Սամվել Հովհաննիսյանը հայտնեց, որ գլխավոր դատախազությունը խոչընդոտել է Հատուկ քննչական ծառայությանը՝ չպարզելով, թե ում ստորագրությունն է դրվել Արտյոմ Լալայանի փոխարեն, ինչպես նաեւ չի հարուցել քրեական գործ: Ավելին, Սամվել Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը բողոքարկելու է գլխավոր դատախազին:

Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, թե ինչ հիմքերով է մերժել գլխավոր դատախազությունը պաշտպանի միջնորդությունը՝ քրեական գործ հարուցել քննիչ դեմ: Ըստ պաշտպանի, եթե «սխալ» էր իր միջնորդությունը, ապա ինչո՞ւ էր  գլխավոր դատախազությունը այն ուղարկում ՀՔԾ:

Իր հերթին, գլխավոր դատախազության որոշման հետ կապված, արձագանքեց նաեւ դատավոր Արշակ Վարդանյանը, որը շեշտեց, որ պատշաճ ընթացակարգի սահմաններում է դիմումն ուղարկվել գլխավոր դատախազություն, քանի որ դատարանը կայացրել է նաեւ արձանագրային որոշում: Նա զարմանքի ձեւով  արտահայտվեց, թե մնում էր պաշտպանին զգուշացնեին սուտ ցուցմունք տալու համար: Նշենք, որ գլխավոր դատախազությունը իր որոշումը հիմնավորել էր նրանով, թե պաշտպանը չի նախազգուշացվել ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար, իսկ դատարանն էլ չպետք է պաշտպանի միջնորդությունը ուղարկեր գլխավոր դատախազություն:

Մեղադրողը մի քանի հարց ուներ ամբաստանյալին: Նրան հետաքրքրում էր, թե 2012թ. օգոստոսին, դեպքի օրը արդյո՞ք երաժիշտը պատվիրել է օղի, քանի որ, ըստ վկաներից մեկի, օղու շիշ երաժշտական ակումբում  կարող էր բերվել միայն  տնօրենի՝ Ա. Լալայանի թույլտվությամբ: Ա. Լալայանը մեկ անգամ եւս պնդեց, որ ընդհանրապես օղի չի օգտագործում, եւ որ օղու շիշ չի եղել: Իսկ ինչ վերաբերում էր կոնսերվատորիայից ուղարկված 18 էջանոց փաստաթղթերի փաթեթին, ապա պարզվեց, որ 1989թ. կոնսերվատորիա ընդունվելիս նրանք, ովքեր հայերեն չեն իմացել, գրավոր քննություն են հանձնել ռուսերեն լեզվից եւ գրականությունից: Ստեփանակերտի Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում հայերեն չի դասավանդվել, եւ, ըստ էության, Լալայանը քննությունն է հանձնել ռուսերեն: Ռուսերեն-հայերենի իմացությունը շեշտվում էր միայն նրա համար, որ Ա. Լալայանից, որը չի տիրապետում հայերենին, կեղծ ապացույցներ են կորզվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031