Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության 2014թ. գործունեության հաշվետվությունը

Մարտ 17,2015 16:03

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է գրականության, երաժշտության, կինոարվեստի, թատրոնի, պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքները, մշակութային կենտրոնների գործունեության, միջազգային համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները:

Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում երաժշտության ոլորտում առաջին անգամ իրականացվել է հայ և համաշխարհային կոմպոզիտորների 6 մեծակտավ գործերի պարտիտուրների թվայնացում, թատերարվեստի բնագավառում՝ 27 նոր ներկայացման բեմադրություն: Կինոարվեստի ոլորտում նկարահանվել է 18 խաղարկային (8-ը՝ շարունակվող), 13 վավերագրական կինոնախագիծ (3-ը՝ շարունակվող), 5 մուլտիպլիկացիոն ֆիլմ և այլն: Հաշվետու ժամանակահատվածում «Գրականության հրատարակում» ծրագրով հրատարակվել է 55 անուն գիրք, որից` 10-ը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: 2014 թ.-ի ընթացքում հանրապետության գրադարանային հավաքածուները համալրվել են 38 հազար 965 միավորով, գրադարանի հայերեն հնատիպ գրքի հավաքածուն համալրվել է 5 անուն գրքով:

«Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով 2014 թ. հատկացվել է 250 մլն դրամ, որը 35 մլն դրամով ավելի է նախորդից: Նշված ծրագրով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 11 հուշարձաններում (Ոսկևազի Սբ Հովհաննես, Իրինդի Սբ Աստվածածին, Այգեշատի Թարգմանչաց, Քոբերի Քոբայրավանք, Ալավերդու Սանահին, Կամարիսի Սբ Հովհաննես, Վաղուտինի Որոտնավանք, Գոշավանքի եկեղեցիներ, Գոշի դամբարանի և Բջնիի ամրոց, Լոռի Բերդ), 13 հուշարձաններում՝ նախագծահետազոտական, գեոդեզաքարտեզագրական աշխատանքներ, իսկ  Դվինի պեղումները  (10 մլն դրամ) և ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տանը գտնվող Մ. Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարի վերականգնումը (22 մլն դրամ) կատարվել է ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով: Վերականգնված հուշարձաններից 8-ն անհատույց սեփականության օգտագործման իրավունքով հանձնվել են  Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառվել է «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևո­րումները Հայաստանում» հայտը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադար­ձությունների օրա­ցույցը համալրվել է Թորոս Թորա­մանյանի ծննդյան 150 և Ոսկան Երևանցու  ծննդյան 400-ամյակների հոբելյաններով: Շարունակվել է համագործակցությունը Հա­յաս­տանի և Վրաստանի միջև, որն իրականացվում է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի հիման վրա: Հաստատվել են Թբիլիսիի Մուղնեցոց Սբ Գևորգ և Սբ Նշան եկեղեցիների վերականգնման նախագծերը, սկսվել են ամրակայման աշխատանքները: Մեկնարկել են նաև Նորաշենի Սբ Աստվածածին եկեղեցու ամրակայման աշխատանքները:

Մեկնարկել է Երևանի Կապույտ մզկիթը (1776 թ.) ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գործընթացը: Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ սկսվել է Անիի Մայր տաճարի շրջակայքի մաքրման և պեղման աշխատանքները, մշակվում է տաճարի ամբողջական վերականգնման էսքիզային նախագիծը (Անի քաղաքն ընդգրկվել է Համաշ­խարհային ժառանգության նախնական ցանկում): Հայ-ամերիկյան հնագիտական արշավախմբի համատեղ իրականացրած պեղումների  արդյունքում Հրազդանի կիրճում` Նոր Գեղի համայնքում, հայտնաբերվել է 325-300 հազար տարվա բնակատեղի: ՀՀ մշակույթի նախարարը նշել է, որ միջազգային մասնագետների շրջանում մեծ է հետաքրքրությունը Հայաստանի հնարավայրերի նկատմամբ և բոլոր հնավայրերում պեղումների աշխատանքներին մասնակցում են բազմաթիվ միջազգային մասնագետներ:

Զեկուցվել է նաև, որ 2014 թ. հուլիսի 1-ից 44 տոկոսով բարձրացվել է մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձը:

Անդրադառնալով ընթացիկ և առաջիկա աշխատանքներին՝ ՀՀ մշակույթի նախարարը զեկուցել է, որ ներկայում վերականգնման աշխատանքներ են իրականացվում Վարագավանք, Օձունի եկեղեցի, Տաթևի վանական համալիրի Քոբայրավանք, Սոլակի Մայրավանք, Կամարիսի Սբ Հովհաննես եկեղեցի, Մխիթար Գոշի դամբարան հուշարձաններում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մշակվել է և հաստատվել հատուկ ծրագիր: Մասավորապես, Երուսաղեմում արդեն իսկ անցկացվել է «Քեզ հետ Հայաստան» համերգը, Հռոմում բացվել է Մեծ Եղեռնին նվիրված խոշոր ցուցահանդես, որտեղ ներկայացվել է հայկական քաղաքակրթությունը և մշակութային ցեղասպանությունը: Պետական միջոցներով ներկայում նկարահանվում է Հայոց ցեղասպանության թեմայով չորս գեղարվեստական, 13 վավերագրական ֆիլմ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ArmBookExpo ցուցադրության համար «Amazon», «eBay», «Heritage Auction» գրավաճառ հարթակներից ձեռք է բերվել 625 անուն գիրք:

Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է նաև ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մշակույթի ասպարեզի աշխատակիցների շրջանում սոցիալական փաթեթների ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Խոսելով 2015 թ.  նախատեսվող ծրագրերի մասին՝  նախարարը զեկուցել է պատմամշակութային արժեքների պահպանության, մշակութային կենտրոնների, այդ թվում երաժշտական դպրոցների հիմնանորոգման, երաժշտական գործիքների ձեռքբերման, միջազգային ասպարեզում հայկական մշակույթի տարածման ուղղությամբ նախատեսվող ծրագրերն ու քայլերը:

Վարչապետ Աբրահամյանը կառավարության աջակցությունն է հայտնել մշակույթի ոլորտի զարգացմանն ու նոր ծրագրերի իրականացմանը, կարևորել պատմամշակութային ժառանգության պահպանման, հնավայրերում պեղումների իրականացման ծրագրերը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պետք է ավելի մեծ ուշադրություն և ֆինանսական ռեսուրսներ ուղղել մշակութային արժեքների պահպանմանը, որը լավագույնս կներկայացնի հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031