Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Հայաստանն այսօր ազատ խոսքի եւ ազատ մամուլի երկիր է: Մենք ունենք հավաքների ազատություն»

Մարտ 17,2015 15:54

Այսօր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս շաբաթը Եվրոպական շաբաթ անվանեց:

Նա ասաց, որ մեկնելու է Բրյուսել՝ մասնակցելու գագաթաժողովին. «Լավ է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով»: Նա խոսեց համագործակցության ոլորտներից՝ ենթակառուցվածքներ, մշակույթ, էներգետիկա. «Մեծապես կարեւորում եմ Արեւելյան գործընկերության շրջանակներում միջխորհրդարանական համագործակցությունը: Եվրանեսթի ԽՎ երեւանյան հանդիպումը լավ առիթ է մեր հասարակությանը հուզող հարցերի շուրջ մտքերի եւ տեսակետների անկաշկանդ փոխանակման, անկեղծ երկխոսության համար: Ուրախալի է, որ համաեվրոպական արժեքների տարածմանն ու արմատավորմանն ուղղված մեր համագործակցությունն ընդգրկում է թե՛ խորհրդարանական եւ թե՛ քաղաքացիական հասարակության շրջանակները: Հայաստանն այսօր ազատ խոսքի եւ ազատ մամուլի երկիր է: Մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի ինչպես պայքարել: ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացներն ավելի խորացնելու նպատակով մենք նախաձեռնել ենք Սահմանադրական բարեփոխումներ՝ նպատակ ունենալով կատարելագործել իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը: Հենվելով ընդհանուր արժեքների վրա՝  ՀՀ-ն հանձնառու է հարաբերությունները խորացնել ԵՄ-ի հետ՝ ուղղված մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարի, առեւտրի ու ներդրումների ընդլայնման համար գործարար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության եւ գործընկերության շարունակական իրականացմանը եւ ոլորտային համագործակցության ընդլայնմանը: Մենք կարեւորում ենք ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ քայլերը՝ առաջիկայում ԵՄ-ի հետ մեր քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունենալու շուրջ երկխոսություն սկսելու հարցում: Միասնական ջանքերով հնարավոր կլինի ապահովել նոր մոտեցումներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031