Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության 2014 թ. գործունեության հաշվետվությունը

Մարտ 17,2015 15:39

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ընթացիկ տարում իրականացվել են կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման ծրագրեր: Ներդրվել է ուսանողների սոցիալական աջակցության նոր փաթեթ, հաստատման է ներկայացվել «Ուսման վարձի առավելագույն չափի սահմանումը՝ ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ընդլայնվել է «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների, ուսանողների սոցիալական աջակցության ծրագիրը: Արդյունքում 1070 ուսանողի տրամադրվել է 50-100 տոկոսի չափով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում՝ շուրջ 225 մլն դրամ:

2014 թ. մեկնարկել է ՀՀ բուհերի լավա­գույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթա­թոշակ­ների տրամադրման գործընթացը. հաղթող է ճանաչվել 38 ուսանող: Ներդրվել է նորարարական մրցակցային հիմնադրամների ծրագիրը, որի շրջանակում 10 բուհի տրամադրվել է 3.7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական աջակցություն: Հաստատվել է ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը: ԵՄ-ի ֆինանսավորմամբ մեկնարկել է «Հայաստանի բարձրագույն կրթության հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» Թվինինգ ծրագիրը: «Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը», «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը», «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը» և «Երևանի պետական համալսարանը» վերակազմավորվել են հիմնադրամների:

Նախնական և միջին մաuնագիտական կրթության ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել է ուuումնական հաuտատությունների տնoրենների վերապատրաստման և հավաստագրման համակարգը, հաստատվել է «Նախնական (արհեստագործական) մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրեդիտային համակարգով ուսումնառության օրինակելի կարգը»:

Հանրակրթության ոլորտում կարևոր ձեռքբերումներից է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը, որով նախատեսվում է մինչև 2025 թ. ՀՀ կրթական համակարգը դարձնել համընդհանուր ներառական՝ մատչելի բոլոր երեխաների համար: Ներկայումս հանրապետությունում գործում է ներառական կրթություն իրականացնող 139 հանրակրթական դպրոց՝ շուրջ 3000 աշակերտով:

Շարունակվել է  2009 թվականից ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը. 2014 թ.-ից այն ներդրվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, 2015 թ.-ից՝ Արարատի մարզում: Ավարտվել է հանրակրթական դպրոցներում շախմատ առարկայի ներդրման եռամյա ծրագիրը և որոշվել է 5-9-րդ դասարանների համար թույլատրել արտադասարանական խմբակների բացումը: Հաստատվել են «Ազգային երգ ու պար» ու Երաժշտություն» առարկաների փորձնական ծրագրերը՝ հանրակրթական 13 հիմնական դպրոցի 5-րդ դասարանների համար: Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայրենասիրական դաստիարակության 2015-2019 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Բոլոր դպրոցներն ապահովվել են ինտերնետային կապով և համակարգիչներով: «Մեկ երեխա – մեկ համակարգիչ» փորձնական ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների առաջին դասարանի աշակերտներին անվճար տրամադրվելու են «Արմթաբ» պլանշետներ: Փորձնական ծրագիրը կիրականացվի 2015-2019 թթ., իսկ 2019 թվականից նախատեսվում է ծրագրի աստիճանական ընդլայնում: Շարունակական միջոցառումներ են իրականացվում կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ:

Լիցենզավորման գործընթացի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում նախադպրոցական կրթական ծրագրով լիցենզիա է ստացել 11, տարրական հանրակրթական ծրագրով` 65, հիմնական հանրակրթական ծրագրով` 51, միջնակարգ հանրակրթական ծրագրով` 40 ուսումնական հաստատություն: Իրականացվել է պետական և ոչ պետական թվով 15 հանրակրթական ուսումնական հաստատության ըստ կրթական ծրագրերի լիցենզիաների կասեցում և դադարեցում: Դադարեցվել է 2 բարձրագույն ուսումնական հաստատության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիաների գործողությունը, խախտման հիմքով նախազգուշացվել է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագիր իրականացնող 10 ուսումնական հաստատություն:

2014 թ. ընթացքում իրենց ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկուցել են նաև կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գտնվող մարմինների ղեկավարները՝ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը և Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը:

ԿԳՆ 2014 թ. կատարած հիմնական աշխատանքների արդյունքների ամփոփումից հետո արծարծվել են նախարարության 2015 թ. գործունեության գերակա ուղղությունները: Այս համատեքստում կառավարության ղեկավարն անդրադարձել է հանրակրթության, բարձրագույն մասնագիտական կրթության, գիտության, դպրոցաշինության, լիցենզավորման ոլորտներում առկա խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, հետաքրքրվել է հանրակրթության ուսումնական ծրագրերի հասցեականությամբ, գիտության ոլորտի զարգացման և գիտնականների խրախուսման ծրագրերով, պետական ավարտական և բուհական ընդունելության միասնական քննությունների կազմակերպման գործընթացով, ավագ դպրոցների հիմնանորոգման, շենքային պայմանների արդիականացման ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ընթացքով: Վարչապետը հանձնարարել է կրթության և գիտության նախարարին՝ հանրակրթական ուսումնական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով ուսումնասիրել միջազգային փորձը, մշակել գիտության զարգացմանն ուղղված ծրագրեր, պարբերաբար վարչապետին զեկուցել ընդունելության քննությունների կազմակերպման ընթացքի վերաբերյալ և ուշադրության կենտրոնում պահել ավագ դպրոցների վերանորոգման աշխատանքների որակյալ և սահմանված ժամկետում իրականացումը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031