Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Հ. Պետրոսյանը մերժել է երաժիշտ, դանակահարության համար ամբաստանվող Արտյոմ Լալայանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանի միջնորդությունը՝ քրեական գործ հարուցելու վերաբերյալ:
Պաշտպանը այս տարվա հունվարի 26-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ գլխավոր դատախազությանն էր ուղարկել միջնորդությունը, որը հունվարի 29-ին ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն: Սա այն դեպքում, երբ երաժիշտն ու նրա պաշտպանը հայտնել էին, որ չեն վստահում Հատուկ քննչական ծառայությանը եւ որ ցանկանում են քրեական գործի նյութերի նախապատրաստմամբ զբաղվեն Ազգային անվտանգության ծառայության քննիչները:
Ըստ պաշտպանի միջնորդության՝ նախաքննությունն իրականացրած քննիչը, օգտվելով Արտյոմ Լալայանի՝ հայերեն չիմանալու հանգամանքից, կատարել էր կեղծիքներ, ստեղծել արհեստական ապացույցներ:
Կարդացեք նաև
Խոսքը 04.10.2012թ. Արտյոմ Լալայանի եւ քննիչ Ա. Մկրտչյանի հեռախոսազրույցի մասին է, որտեղ Լալայանը բողոքել է, որ իրեն խաբելու համար բողոքելու է, մինչդեռ այս հանգամանքը հեռախոսազրույցի մասին կազմված տեղեկանքում չի նշվել: «Հասկանալով, որ բողոքելու դեպքում խնդիր է ծագելու՝ կապված Ա. Լալայանին կասկածյալի կարգավիճակ տալու հետ, 03.10.2012 թվագրմամբ կազմել է մեղայականով ներկայանալու մասին կեղծ արձանագրություն», ինչը, ի դեպ, ամբաստանյալ Լալայանը չէր ստորագրել եւ այդ մասին հայտնել էր դատարանում:
ՀՔԾ-ն, մերժելով քրեական գործ հարուցել քննիչի դեմ, արձանագրել էր, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից ենթադրաբար հանցանք կատարելու վերաբերյալ դատաքննության ընթացքում հայտարարելիս պաշտպան Հովհաննիսյանը չի նախազգուշացվել սուտ մատնության համար պատասխանատվության մասին: Ի դեպ, երեկ դատական դեպարտամենտի նախկին պետ Միսակ Մարտիրոսյանին եւ նրա պաշտպան Վարդան Զուռնաչյանին էլ գլխավոր դատախազությունը մերժել էր նույնպիսի պատճառաբանությամբ, իբր նրանք չեն նախազգուշացվել սուտ մատնության համար:
ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազը՝ Հ. Պետրոսյանը, գնահատել է նաեւ դատարանի գրությունը, արձանագրելով. «Այն չի կարող դիտվել որպես քրեական գործ հարուցելու առիթ, քանի որ քրեական դատավարության օրենսգիրքը դատարանից պահանջում է նման դեպքերում միջնորդությամբ դիմել դատախազին, այլ ոչ թե պաշտպանի միջնորդությունը ուղեկցական գրությամբ ուղարկել դատախազություն: Այս դեպքում առնվազն տարօրինակ է, թե ինչու է գլխավոր դատախազությունը գործը ուղարկել ՀՔԾ»:
Քիչ հետո սկսվող դատավարության մասին՝ կարդացեք առաջիկայում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ