Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց խոսք իմ շատ սիրելի տիկին Անահիտ Բախշյանին

Մարտ 17,2015 15:10

Հարգարժան տիկին Անահիտ, խոստովանեմ` այսպես բաց խոսքով Ձեզ դիմելու պահանջ զգացի, երբ ամսույս 15-ին կարդացի ԶԼՄ-ներից մեկին տված Ձեր հարցազրույցը, որում Դուք նշում էիք, թե Սերժ Սարգսյանին տեսնելու գնացած Ձեր կուսակիցների քայլի մեջ` «որևէ արտառոց բան չկա», որ «դրա մեջ որևէ «հակաժառանգական» քայլ չկար», նաև հավասարության զուգահեռ եք անցկացնում Բաղրամյան 26 Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի այցելության հետ:

anahit_BaxshyanԱմենայն հարգանքով Ձեր հանդեպ` պետք է չհամաձայնվեմ: Միայն այդ հանդիպման փաստի լայնորեն լուսաբանելը իշխանագողերի կողմից, նկարահանման պատկերների զանգվածային տարածումը հեռուստատեսությամբ և համացանցով (ի դեպ` այդ կադրերը մինչ օրս էլ այդ օրվա հանդիպումների շարքի առաջին տեղում են) արդեն իսկ վկայությունն են այն բանի, որ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ վերնախավին այդ հանդիպումը չափազանց պետք էր; Իսկ ինչպես բոլորս գիտենք` եթե նշվածներին մի բան շատ է պետք, ուրեմն այդ բանը բոլորովին պետք չէ մեր ժողովրդին:

Ինչպես Դուք գիտեք` բավական երկար ժամանակ է արդեն, ինչ ես «Ժառանգության» անդամ կամ համակիր չեմ: Չնայած այդ հանգամանքին` անկեղծորեն ասում եմ, որ այդ հանդիպման փաստից շատ տհաճ զգացողություն ապրեցի (հատկապես` Արմենի ներկա գտնվելու իրողությունն եմ ափսոսում): Մյուս կուսակցությունների հանդիպումներին վերաբերվել եմ անտարբեր` ինչպես սպասելի իրողության, երբ ցանկանում են իրենց համար կշիռ ապահովել կամ հետագայում ինչ-որ բաներ ստանալու «հիմնարկեք» ստեղծել:

Իսկ ձեր կուսակցության դեպքում`եթե գնացել էին ներկայացնելու բարեփոխումների կուսակցական տարբերակը, ապա այդ առաջարկները բավական հայտնի են` թե «Ժառանգության» անցյալ տարվա հրավիրած համաժողովից, թե չիրագործված 12 կետերից և թե կուսակցականների` տարիներ շարունակ հնչող հայտարարություններից և հարցազրույցներից: Ակնհայտ է նաև, որ ապագա «վարդաշենցիները» չեն ընդունել և, իհարկե` չեն էլ ընդունելու այդ առաջարկները: Հետևաբար` գնացել են Սերժի մոտ որ ինչ անեն:

Միայն մեկ դեպքում` ինքս, և վստահ եմ` հայ ժողովրդի ավելի քան 95 տոկոսը կողջունեին այդ հանդիպումը, այն է, որ` կուսակցության վարչության որոշմամբ գնացել են Սերժ Սարգսյանին դեմ առ դեմ ասելու, որ ողջ ժողովուրդը պահանջում է նրա հրաժարականը և Աժ լուծարումը, և եկել են այդ գործողությունների ժամանակացույցը և ճանապարհային քարտեզը հրատապ քննարկելու: Միայն` այդ դեպքում: Եվ դա կլիներ իսկական «ժառանգական» քայլ:

Իսկ Րաֆֆիի այցի հետ համեմատությունը ըստ իս` բնավ տեղին չէ, քանի որ 2013թ. նախագահական ընտրություններում հաղթած Րաֆֆի Հովհաննիսյանը (ժողովրդի այդ հաղթանակը Րաֆֆին միայնակ կերտեց`առանց բհկ-ների, հյդ-ների, հակ-երի) գնաց Բաղրամյան 26` օրինական իշխանությունը ժողովրդից գողացած Սերժ Սարգսյանից պահանջելու նրա հրաժարականը և ՀՀԿ-ի կողմից գողացված օրենսդիր մարմնի` ԱԺ-ի լուծարումն ու արտահերթ համապետական ընտրությունների անցկացումը:

Տիկին Անահիտ, այցելել Սերժ Սարգսյանին և չպահանջել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացում` հանրության աչքում կնշանակի ոչ միայն վարկաբեկվել` ընդունելով ու ճանաչելով նրա լեգիտիմությունը և Հայաստանն ավերող ՀՀԿ նախագահությունը, այլ նաև համակերպվել` Լեռնային Արցախի Հանրապետության տարածքների մադրիդյան առևտրի հետ, Հայաստանի ինքնիշխանության ԵՏՄ-ական կորստի հետ, ընտրությունների բռնախեղման հետ, Սահմանադրության և օրենքների ամենօրյա ոտնահարման հետ, Լիսկայի ազատության մեջ գտնվելու և մարզպետության հետ, պերմնյակովների եղեռնագործության զարհուրելի գաղտնիքի և անպատժելիության հետ…: Բոլորը չես թվարկի:

Որ կուսակցությունը կամ անձը ուզում է լիներ` ձեր կուսակցականները նման բան չպետք է անեին: Առանց այն էլ` հասարակության մի զգալի հատվածը տարակուսած էր Րաֆֆիի` Ծառուկյան Լևոնի հետ նույն հարթակում կանգնելու իրողությունից:  Ըստ իս` միայն Րաֆֆիի անկեղծ նկարագիրը և հայրենասերի ջիղ ունենալու համարումը որոշակիորեն զերծ պահեց մարդկանց վերջնական հիասթափությունից: Եվ այժմ, ժողովրդի մոտ սկիզբ առած որոշակի վհատության պայմաններում, երբ առաջիններից մեկը ձեր կուսակցությունը պետք է ծածաներ հանրային գեներացման և դիմադրության քաղաքացիական դրոշը, հանկարծ… ժողովուրդն ականատեսն է լինում Սերժ Սարգսյանի հետ լուսանկարվելու և տեսագրվելու իրողություններին:

Չէի ուզենա ծավալվել այդ հանդիպման ուշագրավ որոշ փաստերի շուրջ (օրինակ` եթե վարչականները հրապարակայնորեն ասում են, որ ոչ միայն չի եղել վարչության որոշում կամ նույնիսկ համաձայնություն, այլև գրեթե բոլորը դեմ են արտահայտվել, ապա այդ դեպքում ինչու է ձեր խորհրդարանական խմբակցության ղեկավարը հղում անում վարչության համաձայնությանը…): Ենթադրում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանը կգտնի ճիշտ լուծումները, և ամեն ինչ հասկացող ու չխաբվող մեր հանրության աչքում ձեր կուսակցությունը (որի անդամը կամ համակիրը չեմ` կրկին հիշեցման կարգով շեշտեմ) կշարունակի մնալ իր դրական վարկանիշով` սխալներից և պատեհապաշտներից մաքրված:

Հ.Գ. Տիկին Անահիտ, խոսքս ուզում եմ ավարտել Ձեր պատգամավորական անցյալի մի հիշողության մեջբերմամբ: Դեռևս նախորդ Աժ գումարման նստաշրջաններից մեկում ՀՀԿ-ից Սամվել Ալեքսանյանը երբ մի պահ մոտեցել է «Ժառանգության» շարքին և ցանկացել ինչ-որ բան ասելու համար տեղ զբաղեցնել «Ժառանգության» պատգամավորների կողքին, Դուք և Զարուհին միահամուռ նրան թույլ չեք տվել նստել ձեր շարքում, և նա գլխիկոր հեռացել է (այս մասին ես կարդացել եմ թերթերում և համացանցում): Իսկ այժմ, իմ շատ սիրելի տիկին Անահիտ, Դուք ասում եք, թե` Սերժ Սարգսյանին այցելելու մեջ «որևէ արտառոց բան չկա», և «դրա մեջ որևէ «հակաժառանգական» քայլ չկար»…:  Բայց չէ որ Դուք իմ ճանաչած Անահիտ Բախշյանն եք` ուղղամիտ, պայքարող, երեսին ասող, և այս անցած տարիները Ձեզ չեն կարող փոխած լինել:

 

 

Ձեզ շատ հարգող` Արամ Ենոքյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031