Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ մաշվում-գնում է, իսկ արվեստի մնալը նշանակում է, որ այն հաղթել է ժամանակին». Սերժ Ավետիքյան

Մարտ 17,2015 14:40

Նարեկացի արվեստի միությունը երեկ հյուրընկալել էր ֆրանսահայ անվանի կինոռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանին, որն իր նոր ֆիլմի նկարահանման աշխատանքների համար այս օրերին գտնվում է Հայաստանում:

Հանդիպման շրջանակներում ցուցադրվեց ռեժիսորի՝ 2010 թվականին արտադրված «Շնապատում» անիմացիոն ֆիլմը, որում նկարագրվող իրադարձությունները տեղի են ունենում 1910 թվականին Ստամբուլում:

Թուրքական նոր կառավարությունը, որն իբրև թե փորձ է անում Թուրքիայում ներդնել հասարակական կառավարման արևմտյան տիպի մոդել, միջոցներ է փնտրում Ստամբուլն ազատելու տասնյակ հազարավոր թափառող շներից: Եվրոպացի փորձագետների հետ խորհրդակցելուց և նրանց առաջարկություններն արհամարհելուց հետո, սակայն, ընդունում է ահաբեկող մի որոշում՝ Ստամբուլից դեպի անբնակ մի կղզի 30 000 թափառող շուն տարհանելու մասին:

«Շներին ընտրելով՝ ես ոչ ալեգորիայի եմ դիմել, ոչ էլ մետաֆորի: Շների պատմությունն իրական է: Ես այն շատ մոտիկից եմ ուսումնասիրել»,- ասաց ռեժիսորը:

2010 թվականին Կաննի կինոփառատոնում «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում «Ոսկե արմավենի» մրցանակի արժանացած «Շնապատում» ֆիլմը, առանց խոսելու Հայոց ցեղասպանության մասին, 15 րոպեի ընթացքում կարողանում է հետաքրքիր զուգահեռներ տանել ու մատնանշել այն եղանակները, որոնց միջոցով ի ցույց դրվեց թուրքական կառավարության մտածելակերպը ինչպես Ստամբուլի շների տարհանման, այնպես էլ հայերի գաղթը և կոտորածները կազմակերպելու հարցերում, որոնք, սակայն, ժամանակին չարժանացան Արևմուտքի խիստ գնահատականներին:

Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան նաև հարցեր ուղղելու կինոռեժիսորին և ծանոթանալու նրա ընթացիկ նախագծերին:

«Հիմա աշխատում եմ երկու նոր նախագծերի վրա՝ մեկ լիամետրաժ ֆիլմ, որը կոչվում է «Վերջին ռաունդը Ստամբուլում», և մեկ կարճամետրաժ ֆիլմ, որը պատմում է «Մշո ճառընտիր» գրքի մասին: Բայց ուզում եմ, որ վերջինս համամարդկային ֆաբուլա ունենա՝ ի՞նչ է նշանակում երկու կանանց միջոցով գիրք փրկել Համաշխարհային պատերազմի ժամանակ, և այդ գիրքն այսօր Երևանում է՝ Մատենադարանում: Այս կարճամետրաժ ֆիլմի գաղափարը Հայաստանում է ծնվել և դեռևս Հայաստանում է մեծանում, այսինքն՝ նկարահանման աշխատանքներն արդեն սկսվել են այստեղ, սակայն մեծ ցանկություն կա ֆիլմն ավարտելու Ֆրանսիայում, որպեսզի դրա լեզուն էլ լինի համամարդկային, այսինքն՝ մի քանի լեզուներ լինեն նրա մեջ՝ անկախ նրանից՝ կլինեն երկխոսություններ թե ոչ»,- ասաց Ս. Ավետիքյանը՝ հավելելով, որ լիամետրաժ՝ «Վերջին ռաունդը Ստամբուլում» ֆիլմի վրա արդեն յոթ տարի է, ինչ աշխատում է, իսկ կարճամետրաժը՝ «Մշո ճառընտիրը», նոր նախագիծ է, որը կտևի մոտ մեկ տարի:

Ինչ վերաբերում է այն ֆիլմին, որը ռեժիսորը պատրաստվում է նկարահանել Հայաստանում, մասնավորապես Խաչիկ գյուղում, պատրաստ կլինի անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում, քանի որ նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են: Արվեստագետը, սակայն, չցանկացավ ժամանակից առաջ ընկնելով ասել, թե ինչ ֆիլմ է ցանկանում նկարահանել Խաչիկ գյուղում. «Մենք համբերություն չունենք,- ընդգծեց Ս. Ավետիքյանը.- ամեն ինչ ուզում ենք հենց այս պահին իմանալ. ֆիլմը դեռ չնկարահանված՝ ուզում ենք այն արդեն տեսնել, ուզում ենք, որ նախքան փիար անելն այն արդեն վաճառված լինի և այլն: Այդպես չի լինում: Մի քիչ համբերություն է պետք, գաղտնիքներն էլ պիտի գաղտնիք մնան, որովհետև ես ինքս էլ դեռ չգիտեմ՝ ինչպես են դրանք բացվելու: Ես գիտեմ՝ ինչ եմ ուզում ասել այդ ֆիլմով, բայց դեռ չգիտեմ՝ ինչպես է այդ ասելիքը տեղ հասնելու: Ընդհանրապես, արվեստագետը մի մեծ խնդիր ունի. նա կամ առաջ է ընկնում կամ հետ: Երկուսն էլ լավ են, ես չեմ դատում, բայց շատ հազվադեպ է լինում, որ նա հենց իր ժամանակի մեջ խոսի իր ժամանակի մասին, բայց այնպես անելով, որ իր արածը մնա, չենթարկվի ժամանակին, որովհետև վերջինս մեր ամենամեծ թշնամին է. ամեն ինչ մաշվում-գնում է, ինչպես որ մենք ենք մաշվում-գնում, իսկ արվեստի մնալը նշանակում է, որ այն հաջողել է և հաղթել ժամանակի անցմանը: Դա շատ կարևոր բան է, բայց ստիպելով չի լինում»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031