Հայաստանում դեղագործական բնագավառում աշխատող կազմակերպությունների մեծ մասը դեղանյութը ներկրում են արտերկրից եւ կախվածությունը արտասահմանյան շուկայից՝ հնդկական, չինական, եվրոպական, մեծանում է։
Արտասահմանյան շուկայից կախվածությունը նվազեցնելու նպատակով՝ «ԱԶԱԴ» ընկերության կողմից Երեւանում կհիմնադրվի դեղահումքի մշակման և սինթեզի լաբորատորիա։ Այս տեղեկություններն այսօր «Նոյյան Տապան» մամուլի ակումբում հայտնեց ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Վիգեն Թոփուզյանը (լուսանկարում՝ աջից)։ Նշենք, որ «Ազադ» ընկերությունը գիտահետազոտական մարքեթինգային կազմակերպություն է, որը զբաղվում է դեղահումքերի ստեղծմամբ, դրանց ներդրմամբ եւ տարածմամբ աշխարհի տարբեր երկրներում։
Վիգեն Թոփուզյանը ասուլիսին ներկայացրեց, որ Հայաստանում ծրագրի ներդրման առաջին քայլը համատեղ հետազոտական լաբորատորիայի ստեղծումն էր, որի նպատակն է ուսումնասիրել դեղանյութերի ստեղծման ճանապարհը, պայմանները: Երկրորդը՝ արտադրական պայմանների ստեղծումն է, իսկ երրորդ քայլը՝ արտադրություն իրականացնելը: Արդեն վաղը տեղի կունենա լաբորատորիայի պաշտոնական բացումը:
Վիգեն Թոփուզյանի խոսքով՝ լաբորատորիայի ստեղծումը բերեց նրան, որ նոր աշխատատեղեր բացվեցին, արդեն 23 երիտասարդ մասնագետ է ընդգրկված:
Կարդացեք նաև
«Ազադ» ընկերության ԱՊՀ-ում և Իրանում տնօրեն Տիգրան Հախվերդյանն էլ ասուլիսին նշեց, որ Հայաստանն ունի շատ մեծ մրցակցային առավելություններ. «Նախ՝ իր կադրային պոտենցիալի առումով, քանի որ Հայաստանում քիմիայի եւ դեղագործության ոլորտում շատ լավ մասնագետներ կան, որոնց աշխարհում դժվար է գտնել»:
Կոմերցիոն առումով դեղահումքերի ստեղծման համար Հայաստանի շուկան փոքր է, վստահեցնում է Տիգրան Հախվերդյանը. «Դրա համար Հայաստանը պետք է փորձի տեղում արտադրող տեսակները իրացնել այլ երկրներում, իսկ ԵՏՄ անդամակցությունը այդ հնարավորությունը մեզ կտա, որպեսզի դեղահումքն արտահանենք Ռուսաստան, Ղազախստան, Բելոռուս»:
Վիգեն Թոփուզյանն էլ հավելեց, որ Հայաստանի մասնագետները ԽՍՀՄ տարիներին մեծ ներուժ ունեին գիտաարտադրական քիմիայի ոլորտում. «Սակայն այսօր դեղահումք ստեղծելու կուլտուրան շատ քչերն ունեն: Մենք պիտի շատ ուշադրություն դարձնենք ամենաանհրաժեշտ դեղահումքի՝ ներսում ստեղծելու հնարավարությանը, որպեսզի ներկրող երկրներից կախումը քչանա: Այսպես նաեւ լուծում ենք ստրատեգիական նշանակություն ունեցող խնդիր»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ