«ՉԻ» զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը։
– Պարոն Մարգարյան, ի՞նչ է կատարվում այս օրերին ԲՀԿ-ում. կուսակցությունից արտահոսքը, որ ականատես եղանք վերջին շրջանում, դադարե՞լ է, թե՞ դեռեւս շարունակվում է։
– Այս պահին այդ առումով որեւէ շարժ չկա, եւ հուսամ՝ չի լինի։ Մյուս կողմից, իհարկե, միանշանակ երաշխիքներ տալը շատ դժվար է։ Հիմա թիմը սկսել է հավաքվել, սկսել է քննարկել ու հստակեցնել իր անելիքները, խմբակցության նիստեր ենք գումարում հաճախ։ Այդ իրավիճակից հետո մենք սկսել ենք աշխատել։ Կարծում եմ՝ ԲՀԿ-ի այն մասը, որ մնաց, բավական լուրջ կապված է կուսակցության հետ եւ ունի անելիք։ Գնացողների մասով ընդամենը ասեմ՝ որեւէ մեկին որեւէ մեղադրանք ոչ ներկայացրել ենք, ոչ էլ կներկայացնենք։
Ամեն մեկն ինքն է որոշելու իր տեղն ու դիրքը՝ զբաղվելու է քաղաքականությամբ, թե լինելու է ընդամենը մանդատակիր, կամ եթե զբաղվելու է՝ ում հետ։ Մենք որոշել ենք որեւէ մեկի վրա որեւէ կերպ չազդել։ Ամեն դեպքում, գնահատողը լինելու է հասարակությունը։ Մենք կարծում ենք կարեւորը մեր հարաբերությունները պահենք հասարակության հետ։ Անշուշտ, լուրջ իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԲՀԿ ղեկավարի պաշտոնից ու քաղաքականությունից, իսկ ԲՀԿ-ն չեղյալ հայտարարեց փետրվարի 20-ի հանրահավաքը։ Ես հասկանում եմ, որ մենք խնդիր ունեցանք հասարակական կարծիքի հետ, եւ ես հիմա ուզում եմ ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնք ակնկալիքներ ունեին եւ ակնկալիքները չարդարացան։ Ուզում եմ շեշտել, որ երկրի առաջ ծառացած խնդիրները, մարտահրավերները, որոնց մասին մենք խոսում էինք, բացարձակապես չեն փոխվել։ Այսինքն՝ այն բացասականը, որի մասին խոսում
Կարդացեք նաև
էինք, այս ընթացքում այդպես էլ լավը չդարձավ։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի հետագայում, բայց եղած խնդիրները իմ, մեր թիմի, մեր գործընկերների ուշադրության կենտրոնում են լինելու, եւ այդ ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատանքը։ Այժմ կուսակցության ներսում կայունացման ու «գույքագրման» շրջան է՝ ի՞նչ ռեսուրսներ են մնում, ի՞նչ խնդիրներ կան, եւ ի՞նչ գործելաոճ ենք առաջիկայում որդեգրելու։ Ես կարծում եմ՝ դա ավարտելուն պես կուսակցության գործելակերպի եւ խնդիրների վերաբերյալ ծրագրային հայտարարությամբ հանդես կգանք։
– Ռեսուրսների առումով ի՞նչ վիճակում է ԲՀԿ-ն, որովհետեւ որոշ մարզերում ականատես եղանք տարածքային կառույցների փակման, զանգվածային արտահոսքի։ Եվ այս համատեքստում տեսակետ կա, որ եթե չկա Ծառուկյանը, չկա նաեւ ՔՀԿ-ն, եւ որ սա անձի շուրջ ձեւավորված կուսակցության էր։
– Ռեսուրսների մասին շուտ է վերջնական, քանակական կամ որակական կարծիք հայտնելը։ Հիմա շարունակվում են պրոցեսները՝ ուզում ենք գնալ
մարզային կառույցների հետ հանդիպել, մեկնաբանել կատարվածը, որովհետև՝ սկզբնական շրջանում առկա վիճակը շատ էր, էմոցիոնալ գնահատականներ եղան, էմոցիոնալ որոշումներ կայացնողներ եղան, եղան այդ էմոցիոնալ որոշումները փոխող մարդիկ եւ այլն։ Ասեմ նաեւ, որ որեւէ մեկն իրավասու չէ փակել տարածքային կառույց։ Կուսակցությունից ինչ-որ մարդկանց դուրս գալը մի բան է, տարածքային կառույց փակելը՝ այլ բան։ Անշուշտ, շատ մեծ փոփոխություն տեղի ունեցավ քաղաքականությունից Գագիկ Ծառուկյանի դուրս գալուց հետո։ Հիմնական կուսակցական-կազմակերպական ամեն ինչը ձեւավորվել էր Գագիկ Ծառուկյանի շուրջ, եւ նրա գնալուց հետո բավական լուրջ իրավիճակ ստեղծվեց, մարդիկ գնում էին,
որովհետեւ իրենք եկել էին Ծառուկյանի հետ, Ծառուկյանի համար։ Բայց Ծառուկյանն ինքը դուրս գալով, կուսակցության աշխատանքը շարունակելու առաջարկ ու հորդոր արեց՝ կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրելով Նաիրա Զոհրաբյանին, ում թեկնածությունն ընդունվեց միաձայն:
Արմեն ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում