Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2014թ. գործունեության հաշվետվությունը

Մարտ 17,2015 12:43

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, ո ՀՀ 2014 թ. պետական բյուջեի շրջանակում սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել  է 362.0 մլրդ դրամ (պետբյուջեի ընդհանուր ծախսերի 29.0 տոկոսը) և իրականացվել է 83 ծախսային ծրագիր: Շարունակվել են մանկատների բեռնաթափման, մատուցվող ծառայությունների հասցեականության ու մատչելիության բարելավման, համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման, միջազգային համագործակցության ընդլայնման, տեղեկատվական բազաների արդիականացման աշխատանքները:

Արտեմ Ասատրյանը ըստ ենթաոլորտների ներկայացրել է աշխատանքի և զբաղվածության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, հաշմանդամների և տարեցների, ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի լուծման ուղղությամբ իրականացված քայլերը: Մասնավորապես, ընթացիկ տարում ձևավորվել է զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներդրման ողջ ենթաօրենսդրական բազան, որի շրջանակում գործում է պետական կարգավորման 13 ակտիվ ծրագիր: Գործազրկության մակարդակը 2014 թ. երրորդ եռամսյակում (ըստ  ԱՎԾ տվյալների) կազմել է 17.1 տոկոս: 2014 թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանվել է 50000 դրամ, իսկ պետական համակարգի 162 հազար աշխատակցի աշխատավարձը բարձրացել է միջինը 47 տոկոսով:

2014 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվառված է եղել 511346 կենսաթոշակառու և սոցիալական նպաստ ստացող: 2014 թ. հունվարի 1-ից ներդրվել է աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ, որի արդյունքում ծայրահեղ աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը  պետք է նվազի 32000-ով, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակը՝ ավելանա մոտ 15 տոկոսով: 2014 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ նոր օրենքով օրենքի առանձին դրույթներ համապատասխանեցվել են ՀՀ Սահմանադրությանը: Գործադրվել է «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգը՝ տվյալների բազաները ճշգրտման նպատակով: Հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանվել է մայրության նպաստի և նախատեսվում է հղիության և ծննդաբերության դեպքում պետական աջակցություն ցուցաբերել նաև չաշխատող շուրջ 30 հազար կնոջ: Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառված 134000 ընտանիքից ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացել է ամսական միջինը 104130-ը, իսկ եռամսյակային հրատապ օգնություն՝ միջինը 8698 ընտանիք. նպաստի միջին չափը կազմել է 30350 դրամ (01.08.2014 թ. նպաստի բազային մասը բարձրացել է 1000 դրամով):

Վարչապետի հանձնարարությամբ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունքի առաջնահերթություն է  տրվել նաև ՀՀ սահմանամերձ համայնքների ավանդատուներին: Շարունակվել է մեկ պատուհանի սկզբունքով գործող ինտեգրված սոցիալական ծառայությունների 19 տարածքային կենտրոնի գործունեությունը: Աշխատանք է տարվում ևս 20 այդպիսի կենտրոն տեղակայելու ուղղությամբ:

Ռազմավարական նոր մոտեցումներ են առաջարկվել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների  լուծման ուղղությամբ, բարելավվել է տարեցների սոցիալական պաշտպանության համակարգը: Մշակվել և ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ներդնել անձի կարիքների և կարողությունների բազմակողմանի գնահատման վրա հիմնված նոր մոդել: Ընթացքի մեջ են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում անկողնային խնամք ստացող տարեցների համար նախատեսված նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են Քուվեյթի Պետության կողմից ստացված դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Շարունակվել է  «Երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թթ. ռազմավարական ծրագրով» նախատեսված միջոցառումների իրականացումը: Մշակվել է «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017 թթ. ազգային ծրագիրը», որում ներառված են բնակչության բնական աճի ապահովմանն ուղղված միջոցառումներ: 2014 թ.   հունվարի 1-ից ներդրվել է ծնունդների խրախուսմանն ու բազմազավակ ընտանիքների կյանքի պայմանների բարելավմանն ուղղված` երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքներին տրամադրվող պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում նպաստի չափը սահմանվել է 1 մլն դրամ, իսկ 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում` 1.5 մլն դրամ:

Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման, ՀՀ պետական բյուջեի միջոցների  նպատակային օգտագործման,  շահառուների  բավարարվածության  աստիճանի  գնահատման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով մշակվել են 14 ծրագրի մոնիթորինգային անձնագրերը և ցուցանիշները, կատարվել են ընթացիկ մշտադիտարկումներ, շահառուների կարծիքի ուսումնասիրություններ և թեմատիկ ստուգումներ:

Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետ Աբրահամյանը կարևորել է 2014 թ. ծրագրերի շարունակական և արդյունավետ իրականացումը: Կառավարության ղեկավարը, անդրադառնալով նախարարության 2015 թ. անելիքներին, անհրաժեշտ է համարել ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների լիարժեք գործարկումը, ընտանեկան նպաստների, կենսաթոշակների տրամադրման և երեխաների որդեգրման գործընթացների թափանցիկության ապահովումը և հասցեականության բարձրացումը և հանձնարարել նախարարության ղեկավարությանը հետևողական լինել և ուշադրության կենտրոնում պահել այս հարցերը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031