Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք բացահայտեցին, որ երբեք միասնական չեն եղել ու չեն եղել այն դաշնակիցները, որ միմյանց աջակցում են դժվարության պահին». «Իրատես de facto»

Մարտ 17,2015 12:38

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում քաղաքական դաշտում, վերաֆորմատավորո՞ւմ։

– Քաղաքական դաշտի գործընթացներին ամբողջական գնահատական տալն այս պահին ճիշտ չէ, կան բազմաթիվ հարցականներ, որոնց պատասխանները վեց ամսում թերևս կստանանք։ Կարծում եմ քաղաքական ուժերը կվերաիմաստավորեն իրենց քաղաքականությունը և ըստ այդմ՝ կարող են նոր ֆորմատներ առաջանալ։ Քաղաքական դաշտը երբեք էլ քարացած չի եղել, պարբերաբար ձևավորվել են դաշինքներ ու կոալիցիաներ, քանդվել են, նորից են ձևավորվել, ու այդպես համարյա միշտ։ Դա չընդհատվող գործընթաց է, որի վերջնական տեսքը կես տարուց կերևա։

– Ո՞րն է գործընթացի տրամաբանությունը, ո՞րն է վերջնանպատակը։

– Տրամաբանությունը տանում է դեպի խորհրդարանական   ընտրություններ, արդեն յուրաքանչյուր քաղաքական ուժ, որ մինչ այդ կարող էր այլ խնդիրներ իր առաջ դնել, որևէ վերադասավորման, դաշինքի  ու ձևաչափի գնալիս հաշվարկն անելու  է  խորհրդարանական   ընտրությունները:

– Րաֆֆի Հովհաննիսյանն առաջինն ասաց, որ ոչիշխանական եռյակն այլևս չկա, խաչ քաշե՞նք եռյակի վրա։

– Կյանքը ցույց տվեց, որ եթե համախմբումը կատարվում է ընդդեմ գաղափարով, չի կարող երկար կյանք ունենալ։ Եթե բոլորը հավաքվել են մեկ անձի շուրջ և ուզում են նրա ձեռքով իրենց համար կրակից շագանակներ հանել ու հաշվարկում են, որ դրանից հետո գալու է իրենց ժա¬մանակը, իհարկե, վերջը սա էր լինելու։ Չի լինում այդպես։ Փաստացի ՀՀԿ խորհրդի նիստից հետո որևէ մեկը հրապարակային, ինքնաբուխ, ինքնակամ չպաշտպանեց Գագիկ Ծառուկյանին։

– Դա չի՞ նշանակում, որ եռյակը շատ վաղուց չկար։

– Ես դա ժամանակավոր խմբավորում եմ համարել, երբեք չեմ ընդունել քաղաքական միավոր, որ միասնական քաղաքականություն է վարում, ճանապարհ է անցնելու ու արդյունք է ունենալու։

– Իսկ 12 արդեն խորապես մոռացված կետե՞րը։

– Եռյակի քաղաքական ուժերին առանձին-առանձին ես լուրջ եմ վերաբերվել, բայց միասնական օրակարգը, որ փորձում էին սահմանել, երբեք լուրջ չեմ ընդունել։ Չեն կարող ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ տարբեր տեսակետներ ունեցող քաղաքական ուժերը մի տեղում հայտնվել ու նույն խնդիրը լուծել։ Չի կարող նույն հանրահավաքում մեկը հանդես գալ ԵԱՏՄ-ին աջակից ու հայտարարել, որ անդամակցությունը ԵԱՏՄ-ին արդեն կայացած փաստ է, իսկ մյուսը՝ որ դա սխալ ուղղություն է, ու պետք է գնալ եվրաասոցացման ուղղությամբ, ու երկուսն էլ նույն քաղաքականությունը հաջողությամբ առաջ տանեն։

– Գոնե իշխանության դեմ պայքարում նրանք միասնական էին։

– Կյանքը ցույց տվեց, որ ոչ։ Առաջին իսկ դժվարության դեմ նրանք բացահայտեցին, որ միասնական չեն, երբեք միասնական չեն եղել ու չեն եղել այն դաշնակիցները, ով միմյանց աջակցում են դժվարության պահին:

Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031