Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանո՞վ է հավանական պատերազմի վերսկսումը. «Հայկական ժամանակ»

Մարտ 17,2015 12:02

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

– Պարոն Ղուլյան, 2014-ի հուլիս-օգոստոս ամիսներից մինչև օրս հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կտրուկ աճ է նկատվում, ըստ ձեզ՝ ինչո՞ւ է ադրբեջանական կողմն այսպես ակտիվացել։

– Զինադադարի պայմանագրի ստորագրումից ի վեր՝ Ադրբեջանը զորքերի շփման գծում եւ Հայաստանի հետ պետական սահմանին սադրանքների դիմել է մշտապես։ Այդ երկրի իշխանությունների կողմից իրականացվում է ոչ թե խաղաղության հաստատմանը նպաստելու, այլ ռեւանշի հնարավորություն ստանալու քաղաքականություն։ Վերջին սրացումները կարելի է բացատրել նաեւ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում բռնությունների աճով, ինչպես նաեւ միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու նպատակով։ Այսինքն՝ իշխող վարչակարգն իր հանդեպ խորացող քննադատությանը պատասխանում է տարածաշրջանային պատերազմի վերսկսման սպառնալիքով։ Գործնականում՝ Ալիեւի ռեժիմը իրավական, քաղաքական եւ բանակցային այլ փաստարկների ռեսուրսն սպառել եւ հայտնվել է մեկուսացման մեջ։ Միջնորդների հայտարարություններում սկսել են հայտնվել Ադրբեջանի ապակառուցողական եւ անզիջում պահվածքի մասին ակնարկներ։ Իրավիճակն իր օգտին փոխելու նպատակով Բաքվի քաղաքական վերնախավը մեծացնում է լարվածությունը։ Ինչ-որ տեղ դա կարելի է համարել նաեւ համանախագահ երկրների հեղինակությունը կասկածի տակ դնելու, բանակցային ձեւաչափը փոխելու նպատակադրվածություն։

– Լարվածության աճը համընկնում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացները սկսելու հետ, ինչո՞վ է սա պայմանավորված։ Տեսակետ կա նաեւ, որ ՌԴ-ն ցանկանում է ԵՏՄ կազմում նաեւ Ադրբեջանին տեսնել եւ լարվածությունը հրահրում է ռուսական կողմը, որքանո՞վ է այս տեսակետը հիմնավոր։

– Այս դեպքում ցանկացած տեսակետ գոյության իրավունք ունի, բայց այն պետք է եթե ոչ իրականությանը, ապա գոնե առողջ տրամաբանությանը մոտ լինի։ Եթե Ռուսաստանը ցանկանար Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու միջոցով տանել ԵՏՄ, ապա բոլորովին այլ գործիքակազմ կօգտագործեր։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի հյուսիսային շրջանները գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ, առկա են նաեւ էթնո-քաղաքական բնույթի բազմաթիվ խնդիրներ։ Այնպես որ, Ռուսաստանն Ադրբեջանին «հնազանդեցնելու» շատ ավելի մեծ հնարավորություններ ունի այնտե՛ղ, քան հայ-ադրբեջանական սահմանին կամ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում։

– Ինչպե՞ս եք գնահատում այն վաստը, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մեծ քանակությամբ սպառազինություն է վաճառում Ադրբեջանին եւ այդ զենքը մեր թշնամին օգտագործում է մեր դեմ։

– Պետք է ընդունել, որ Ադրբեջանին հաջողվել է Ռուսաստանի հետ իր հարաբերություններում որակական փոփոխություններ արձանագրել ի հաշիվ առեւտրային բաղադրիչի կարեւորման։ Դա անժխտելի է։ Բայց դրանից, կարծում եմ, պետք չէ զգացմունքային եզրահանգումներ անել։ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկիր է, եւ պետք է ամրապնդել նրա շահագրգռվածությունը՝ տարածաշրջանում փխրուն խաղաղությունը պահպանելու ուղղությամբ։

– Բայց ինչպե՞ս է դա հնարավոր անել եւ ի՞նչ է անում ԼՂՀ-ն նման արդյունքի հասնելու համար։

– Այստեղ միայն ԼՂՀ անելիքներին ապավինելով դժվար է իրավիճակը փոխել։ Հայաստանի, սփյուռքի  ու բոլոր մյուս  ազդեցության կենտրոնների ներուժը պետք է համադրել եւ դարձնել միջնորդների համար   ընկալելի   մոտիվացիա:

Դրա հիմքում կարող է լինել այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ միասնական, եւ նրանցից յուրաքանչյուրն  Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է կառուցի 1994թ.-ից ի վեր առկա հավասարակշռությունը պահպանելու եւ իրավիճակը դեպի խաղաղություն առաջ մղելու գերակայությամբ։ Դա նաեւ նրանց շահերից է բխում:

– Ադրբեջանը վերջին շրջանում սկսել է ավելի ծանր զինատեսակներ կիրառել շփման գծում, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փաստը։

– Ենթադրում եմ, որ դրա պատճառը նախորդ մարտավարությունների տապալումն է։ Երբ ձախողվում են դիվերսիաները, դիպուկահարների պատերազմում ադրբեջանական կողմն ավելի մեծ կորուստներ է ունենում, իսկ ռեժիմը զինվորական   հրամանատարությանը  պարտադրում  է անպայման, թեկուզ փոքր, բայց «հաջողություն արձանագրել», ապա մնում է դիմել ականանետի օգնությանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031