Այսօր Մարտի 1-ի զոհերից ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 32 տարեկան։ Աբգարյանը զոհվել էր հրազենային վնասվածքից 2008-ի ապրիլի 11-ին՝ 40 օր Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում մնալուց հետո։ Նրա մահից 3 տարի անց էլ՝ 62 տարեկան հասակում, «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժնում սրտի կաթվածից մահացավ հայրը՝ Էդիկ Աբգարյանը։ Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր հարազատների հետ գնալու է որդու գերեզման՝ նրա մահը սգալու։ «Ի՜նչ պետք է անեմ, աղջիկ ջան, գնալու եմ, խունկ ծխեմ, իմ որդու մահը սգամ, տուն գամ»,- ասաց տիկին Ռուզաննան։
– Տիկին Ռուզաննա, դուք ասում էիք, որ ցանկանում եք հանդիպել երեք նախագահների հետ ու նրանց հարց տալ, թե հանուն ինչի զոհվեց ձեր որդին, փորձեցի՞ք նրանց հետ հանդիպել ու ստացա՞ք ձեր հարցի պատասխանը։
– Ոչ, ես այդ պատասխանը չստացա ու շատ կասկածում եմ, որ երբեւէ կստանամ այդ հարցի պատասխանը։ Երեւի մի 50 տարի հետո էլ ես այդ պատասխանը նրանցից չեմ ստանա։ Իմ որդին զոհվեց հանուն մի քանիսի աթոռների կամ բազկաթոռների, չգիտեմ՝ ինչու զոհվեց իմ որդին, դա պետք է իշխանությունը պատասխաներ, այդպես էլ ես պատասխան չստացա այս 7 տարում ու դժվար էլ ստանամ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում