Ընդամենը մի քանի ամիս առաջ Հայաստանում մեծ հույսեր էին կապում ԵՏՄ- ին անդամակցելու շնորհիվ մեր տնտեսության զարգացման վերաբերյալ։
Հույսերն իրոք մեծ էին։ Տեսականորեն հենց այդպես էլ պետք է լիներ՝ եթե Հայաստանը եւ Ռուսաստանը դառնում էին միասնական տնտեսական տարածք, ապա Ռուսաստանի շուկան Հայաստանի համար պետք է բացվեր։ Բայց դա՝ տեսականորեն։ Գործնականում տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Հատկապես անցած տարվա աշնանը Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագրի ստորագրումից հետո, դեպի Ռուսաստան մեր ապրանքների արտահանումը կտրուկ նվազեց։ Եթե 2013 թվականի վերջին երեք ամիսներին Հայաստանից Ռուսաստան էր արտահանվել 100 միլիոն դոլարի ապրանք, անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 89 միլիոն դոլարի։ Ընդ որում՝ նվազել է հենց այն ապրանքների արտահանումը, որոնց աճի հետ մեծ հույսեր էին կապվում։ Օրինակ՝ կոնյակը, կարտոֆիլը, ձուկը, ոսկերչական արտադրանքը եւ այլն։ Սկսենք կոնյակից։ 2014 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 38 միլիոն դոլարի կոնյակ։ Սա 12 միլիոն դոլարով կամ մոտ 24 տոկոսով պակաս է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Դեռ անցած տարվա վերջին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ասուլիսի ժամանակ համոզմունք էր հայտնել, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ կաճի մի շարք ապրանքների, այդ թվում՝ նաեւ կոնյակի արտահանումը Ռուսաստան։ Թե որքա՞ն կոնյակ է արտահանվել այս տարվա առաջին ամիսներին՝ դեռ ամփոփված չէ, սակայն հենց արտադրողները խոսում են ծավալների էլ ավելի նվազման մասին:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում