Եվ այսպես, Հայաստանը պատրաստվում է երկրորդ անգամ եվրոպարտատոմսեր թողարկել։ Ինչո՞ւ։
Ըստ պաշտոնական ձևակերպման՝ «Տնտեսության վերջին ժամանակաշրջանի զարգացումների բացասական ազդեցությունը չեզոքացնելու նպատակով»։ Իսկ ըստ ավելի պարզ ու անկեղծ ձևակերպման՝ բյուջեի ծակուծուկերը ծածկելու նպատակով։
Այսինքն, կառավարությունն անուղղակիորեն խոստովանում է, որ անհնար է լինելու 2015 թվականին ապահովել 4.1% տնտեսական աճ՝ 4.8 տրիլիոն դրամ անվանական ՀՆԱ-ով։ Հետևաբար, դժվար է լինելու նաև ապահովել 1 տրիլիոն 138.7 միլիարդ դրամի հարկային մուտքեր, ինչպես նախատեսված է բյուջեով։ Առանց այն էլ՝ 2015 թվականի մեր բյուջեն ծրագրված է ավելի քան 280 միլիոն դոլարի դեֆիցիտով։ Ու հարկերի թերհավաքագրման պարագայում այդ թիվն ավելի մեծ է լինելու։
Ու որպեսզի հնարավոր լինի ծածկել այս ճեղքվածքը, կառավարությունը որոշել է գնալ արտաքին աշխարհից նոր պարտք ներգրավելու ճանապարհով։
Կարդացեք նաև
Իսկ որքա՞ն պարտք է ներգրավելու ՀՀ կառավարությունը և ի՞նչ պայմաններով։ Այդ մասին դեռ հայտնի չէ, կան միայն ենթադրություններ։ Ծավալի առումով, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, նախատեսվում էր թողարկել շուրջ 600 միլիոն դոլարի եվրոբոնդեր։ Հետո հրապարակումներ եղան, որ հնարավոր է ավելի խոշոր պարտք ներգրավվի՝ մինչև 800 միլիոն դոլար ծավալով։
Երեկ թեմային անդրադարձել և փակագծերը բացել է ամերիկյան «The Wall Street Journal»-ը ։ Հոդվածագիր Բեն Էդվարդսը WSJ-ի բլոգում նշել է, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանը կտեղաբաշխի 500 միլիոն դոլար ծավալով եվրոբոնդեր՝ 7-10 տարի մարման ժամկետով։ Նաև նշվում է, որ Հայաստանը ետ կգնի նախկին թողարկման պարտատոմսերի մի մասը՝ 200 միլիոն դոլար ծավալով։
Այսինքն՝ եթե հավատանք WSJ-ին, եվրապարտատոմսերի գծով Հայաստանի արտաքին պարտքը կավելանա շուրջ 300 միլիոն դոլարով։ Սա հավանական տարբերակ է, քանի որ բյուջեի դեֆիցիտին համադրելի մեծություն է։
Իսկ ի՞նչ փոփոխություն կկրեն ՀՀ ցուցանիշերը՝ այս ամենի արդյունքում։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ՀՀ արտաքին պարտքը 2015 թվականի հունվարի վերջին կազմել է 1 տրիլիոն 758.1 միլիարդ դրամ (3 միլիարդ 687.8 մլն դոլար): 2015 թվականին, ըստ բյուջեի, նախատեսվում է ունենալ 4 տրիլիոն 867.5 մլրդ դրամի անվանական ՀՆԱ։ Այսինքն, եթե հաջողվի ապահովել ՀՆԱ-ի մեծությունը, ապա նոր պարտքեր չներգրավելու դեպքում արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 36.1%:
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում