Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Մարտ 16,2015 21:17

Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը վարել է հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Դոլիձեն, նախ հաստատել են օրակարգի նախագիծը եւ 2014թ.-ի նոյեմբերի 4-ին Բրյուսելում կայացած Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի արձանագրությունը, որից հետո բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ իրականացվող համապարփակ եւ բազմակողմանի համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը եւ այլն: «Այս փոխգործակցության մեջ մեծապես կարեւորվում է խորհրդարանական ներգրավվածությունը»,-ասել է նախարարը: Ըստ նրա՝ ինչպես արձանագրված է վիլնյուսյան գագաթաժողովի շրջանակներում Հայաստան-Եվրամիություն համատեղ հայտարարությունում` կողմերը համաձայնել են հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմքերի ստեղծման անհրաժեշտության շուրջ: Հայաստանը մտադիր է զարգացնել համագործակցությունը Եվրամիության հետ՝ ուղղված մարդու իրավունքների խթանմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, դատական համակարգի շարունակական բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առեւտրի ու ներդրումների համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության ընդլայնմանը եւ ոլորտային համագործակցության զարգացմանը:

Նշվել է, որ ներկայում եզրափակիչ փուլում են գտնվում Եվրամիության գործընկերների հետ խորհրդակցությունները՝ որոշելու մեր համագործակցության հետագա իրավական շրջանակը` հիմնված այն առաջընթացի վրա, որն արձանագրվել է նախորդ շրջանում: Հայաստանը պատրաստ է բոլոր ձեւաչափերով, հնարավոր ոլորտներով եւ ուղղություններով շարունակել Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը՝ նկատի ունենալով մեր պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում: Նախարարն ընդգծել է, որ համագործակցության առաջնահերթություններից է հանդիսանում շարժունակության խթանումը: Խրախուսելով մարդկային շփումները Եվրամիության անդամ երկրների հետ` առավել նախադրյալներ կստեղծվեն գործընկերային հարաբերությունների խորացման համար: Նախարարը հիշեցրել է, որ 2014թ. hունվարից ուժի մեջ են մտել Եվրամիության հետ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը: Հայաստանի կառավարության որոշմամբ 2013թ.-ից Եվրամիության անդամ երկրների քաղաքացիներն ազատված են Հայաստան մուտքի արտոնագրի պահանջից: Նախարարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի սկսել բանակցությունների նոր փուլ` ուղղված արտոնագրային ռեժիմի ազատականացմանը:

«Խորհրդարանական եւ միջկառավարական հարթություններին զուգահեռ Եվրոպական միության հետ մեր օրակարգն իրականացնելիս մեծապես արժեւորում ենք քաղաքացիական հասարակության դերը, ինչի ապացույցն է նաեւ նրանց մեծաթիվ մասնակցությունը Երեւանում անցկացվող այս Վեհաժողովի նիստին»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը: Նա նշել է, որ այսօր միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման ուղիների որոնման վրա: Հայաստանին եւ Ուկրաինային կապում է ոչ միայն բազմադարյա բարեկամությունը մեր երկու ժողովուրդների միջեւ, այլեւ՝ Ուկրաինայում ապրող բազմահազարանոց հայ համայնքի առկայությունը: Ըստ նախարարի՝ հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը առաջնային նշանակություն ունի? բարիդրացիական հարաբերություններ կառուցելու եւ կայուն զարգացում ապահովելու համար: Միեւնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, եւ հնարավոր չէ մեկ ընդհանրական բանաձեւ կիրառել դրանց կարգավորման նպատակով: Հակամարտությունների հանգուցալուծմանն ուղղված ջանքերը պետք է ընթանան համաձայնեցված հատուկ բանակցային ձեւաչափերի շրջանակներում եւ պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել այդ բանակցային գործընթացները: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձեւաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է, եւ կարեւոր է սատարել եռանախագահների կողմից գործադրվող ջանքերին` ուղղված հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Մինսկի խմբի համանախագահների օգտագործած ձեւակերպումներին հակասող հայտարարությունները կարող են որպես կողմնապահություն դիտարկվել եւ վնասել խաղաղության գործընթացին: Անդրադառնալով ԼՂ հակամարտության ներկա փուլին՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին եւ անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար:

«Վերջին մեկ տարում Բաքուն լրջորեն սրել է իրավիճակը` զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը եւ թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ: Բաքվի այս քաղաքականությունը պատճառ է հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների՝ հակամարտության բոլոր կողմերի համար»,- ասել է նախարարը: Նշվել է, որ Ադրբեջանական սադրանքները արտահայտվում են նաեւ մշտական ռազմատենչ հռետորաբանությամբ եւ հակահայկական ատելության քարոզով: Ադրբեջանը, որը վերջին 10 տարում 30 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, շարունակաբար սպառնում է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով: Ադրբեջանում այն քաղաքացիական ակտիվիստները, մտավորականները եւ լրագրողները, ովքեր խաղաղության եւ հաշտեցման ջատագովներ են, հետապնդվում են որպես «հայկական լրտեսներ» եւ հայտնվում ճաղերի հետեւում: Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մշտապես կողմ է եղել եւ մնում է համանախագահ երկրների առաջարկների վրա հիմնված բանակցությունների շարունակմանը` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ անցյալի ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում դրանց կանխարգելման հիմնական գործոններից մեկն է? Դեռեւս 1987թ. Եվրոպական խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ 2000, 2002, 2005 թվականներին վերահաստատել Ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը` դրանով իսկ իր մեծ ներդրումն ունեցել այս ուղղությամբ իրականացվող ջանքերում:«Մենք մեծապես գնահատում ենք նաեւ, որ Եվրոպական խորհրդարանն իր տարբեր բանաձեւերում կոչ է արել Թուրքիային բացել սահմանը հարեւան Հայաստանի հետ եւ հաստատել բնականոն դիվանագիտական հարաբերություններ: Ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց ովքեր նպաստել են այս ձեւակերպումների ընդունմանը: Մեր բոլորի համատեղ ջանքերի միջոցով է միայն հնարավոր էական ներդրում ունենալ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում»,-ասել է նախարարը: Ըստ զեկուցողի՝ խորհրդարանների առջեւ կարեւոր առաքելություն է դրված` կապեր հաստատել հասարակությունների միջեւ, խթանել միջպետական հարաբերությունների զարգացումը: Նախարարը համոզմունք է հայտնել, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի երեւանյան նիստի աշխատանքներն իրենց կարեւոր ներդրումը կունենան այս ուղղությամբ իրականացվող ջանքերում:

Այնուհետեւ Երեւանում տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը խոսել է 2014-2020 թթ. ԵՄ աջակցությամբ Արեւելյան գործընկերության անդամ երկրների կողմից հասարակական փոփոխությունների եւ քաղաքական բարեփոխումների ոլորտում իրականացվող հնարավոր հեռանկարների վերաբերյալ: Ռիչարդ Կիրակոսյանը խոսել է Հայաստան-ԵՄ հարաբերություններից, կարեւորել ՀՀ քաղաքական դաշտում բազմակարծության ապահովումը եւ քաղաքացիական հասարակության դերակատարությունը, անդրադարձել ՀՀ սահմանադրական բարեփոխումներին: Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ շատ ջանքեր չի պահանջվում Հայաստանում լուրջ բարեփոխումներ եւ փոփոխություններ իրականացնելու համար: Զեկուցողը հույս է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը եւ խմբի ղեկավար Ջոն Ռայթը խոսել են ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքական գործիքի աջակցությունից օգտվող «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական կառավարմանը» ծրագրի վերաբերյալ: Նշվել է, որ ծրագրի միջոցով փորձ է արվել մեծացնել քաղաքացիական հասարակության կառույցների նկատմամբ հասարակության կողմից վստահության ցածր մակարդակը: Ծրագրի նպատակն է մոտեցնել Հայաստանը Եվրամիությանը, զարգացնել ժողովրդավարական կառավարումը եւ բարձրացնել բնակչության իրազեկվածությունը ԵՄ–Հայաստան հարաբերությունների վերաբերյալ:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը, որը ֆինանսավորվել է Եվրամիության կողմից եւ ծրագրի հիմնական ուղղություններն են՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մոնիթորինգի եւ հանրային վերահսկողության կարողությունների հզորացումը, երկրորդ՝ կառավարության ծրագրի հակակոռուպցիոն բարեփոխումների, ինչպես նաեւ դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թթ. ծրագրերի եւ նոր ընդունվելիք հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկումը, երրորդ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ կառավարության միջեւ կայուն երկխոսության խթանումը՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման նպատակով: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փորձագետ Կարլ Ուլբրեխտը խոսել է ծրագրի աջակցությամբ անկախ հակակոռուպցիոն գործակալության ստեղծումից: Նա հույս է հայտնել, որ քաղաքացիական հասարակության գործընկերների եւ կառավարության ներկայացուցիչների միջեւ համագործակցության եւ երկխոսության միջոցով հնարավոր կլինի իրականացնել կառավարության քաղաքականության փոփոխություն:

Այնուհետեւ հանձնաժողովի անդամները քննարկել եւ կարծիքներ են փոխանակել «Եվրոպական հարեւանության գործիքի միջոցով 2014-2020 թթ. ԵՄ եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր պետությունների միջեւ համագործակցության ամրապնդման մասին» զեկույցի նախագծի փոփոխությունների վերաբերյալ:

Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը քվեարկությունից առաջ հանձնաժողովի անդամների ուշադրությունը հրավիրել է մի շարք խնդիրների վրա: Նա նշել է, որ հայկական պատվիրակությունը մանրամասն ուսումնասիրել է զեկույցի նախագիծը եւ կարեւորում է դրա ընդունումը: Արտակ Զաքարյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի պատվիրակության կողմից ներկայացված 12-րդ, 33-րդ եւ Ադրբեջանի ու Եվրոպական խորհրդարանի գործընկերների կողմից համատեղ ներկայացված 43-րդ առաջարկությունների վրա, որոնք անընդունելի են Հայաստանի համար: Քվեարկությունների արդյունքում չեն ընդունվել վերոնշյալ 3 առաջարկությունները:

Նիստը վարող հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Դոլիձեն տեղեկացրել է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2015 թ.-ի աշնանը Բրյուսելում:

Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ավարտել է իր աշխատանքը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031