Սահմանադրական փոփոխությունները չեն խոչընդոտի Սերժ Սարգսյանին վարչապետ կամ նախագահ առաջադրվել, «Ազատության» և «Ա1+»-ի հետ զրույցում այսօր կարծիք հայտնեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։ Յուրաքանչյուր կուսակցություն, ասաց, ինքն է որոշելու այս կամ այն պաշտոնում ում առաջադրել։
Անցած տարվա ապրիլին, հանդիպելով սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին, Սերժ Սարգսյանը հայտարարել էր.- «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Մեկ մարդը Հայաստանում երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին»։
«Հայտարարությունը հետևյալն է. այն մոդելը, եթե իր սրտով չլինի, բնականաբար, չի առաջադրվի։ Եթե կառավարման մոդելը մնաց կիսանախագահական կամ նախագահական, ինքը չի առաջադրվի»,- ասաց Գալուստ Սահակյանը։
Հարցին՝ այսինքն փոփոխությունները չեն փակո՞ւմ Սերժ Սարգսյանին վարչապետ կամ նախագահ առաջադրելու դուռը, Սահակյանն ասաց.- «Իհարկե, դա արդեն կուսակցության խնդիրն է, յուրաքանչյուր կուսակցությունը ինքը կարող է որոշել»։
Կարդացեք նաև
Հանրապետականի տեսակետը՝ կիսանախագահականից կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու հարցում կարծր չէ, ասաց ԱԺ-ի նախագահ Գալուստ Սահակյանը։ Շահագրգիռ քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունն են որոշելու, թե խորհրդարանում ի՞նչ տարբերակ է քննարկվելու. եթե պահպանվում է կիսանախագահականն՝ ի՞նչ փոփոխություններով, եթե խորհրդարանականի է անցում կատարվում՝ ի՞նչ սկզբունքներով։
«Մեկը կլինի, թե երկուսը կլինի, բնականաբար, խորհրդարանում նույնպես կքննարկվի, տեղի կունենան լսումներ, դրանից հետո կդրվի քվեարկության»,- ասաց Սահակյանը։
Նրա խոսքով՝ նախագահի հետ անցած շաբաթ հանդիպած 7 ուժերը պատրաստ են աշխատել նախագծի շուրջ՝ իրենց առաջարկներով։ ԱԺ-ի հանրապետական նախագահը լավատես է՝ վերջին ամիսներին սահմանադրական բարեփոխումների ջերմեռանդ հակառակորդ ԲՀԿ-ն էլ կմասնակցի քննարկումներին։
«Հենց այն հանգամանքը, որ հնարավոր է, որ երկու տարբերակ լինի, արդեն ազատ մթնոլորտ է ստեղծում ընդհանուր քննարկումների համար»,- ասաց նա։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում