Aravot.am–ը ազգագրագետ Արտաշես Բոյաջյանից հետաքրքրվեց, թե ըստ իր հետազոտությունների, Ավետիսյանների սպանությունից հետո Գյումրիում նկատելի՞ է արտագաղթի տեմպերի աճ: Նշենք, որ այս սպանությունից հետո Գյումրիում ծայրահեղ հիասթափություն է, բնակիչների շուրթերից հաճախակի կարելի է լսել, որ այս քաղաքն ապրելու համար այլեւս անվտանգ տեղ չէ, հատկապես որ սպանությունը բացահայտելու կամք ու ցանկություն չկա:
Ի պատասխան մեր հարցի, ազգագրագետն ասաց. « Ավետիսյանների սպանությունը արտագաղթի շարժառիթ չի կարող լինել, սա իր տեսակով արտառոց է. նման սպանությունները մշտական բնույթ չեն կրում: Ավետիսյանների սպանությունը հոգեբանական ազդեցություն ունեցավ գյումրեցիների վրա, բայց արտագաղթի թեմա չի դառնա, այս սպանությունը բացահայտելն էլ իշխանությունների պատվի հարցն է, ու չպետք է թույլ տան, որ այն դառնա հերթական մարտի մեկ կամ հոկտեմբերի 27, տեղ գտնի չբացահայտված սպանությունների շարքում: Ավետիսյանների սպանությունը չէ, բայց Գագիկ Ծառուկյանի հետ նման կերպ վարվելը, ԲՀԿ-ն քանդելը արտագաղթի լուրջ առիթ հաստատ կդառնա: Հասարակության մեջ կա մի շերտ, որը մեծ հույսեր էր կապում իշխանափոխության հետ, ըստ նրանց, եթե նոր իշխանություններ գան, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը կփոխվի, իմպուլս կհաղորդեն: Սակայն նրանք հիասթափվեցին: Արտագաղթի պատճառ կարող են դառնալ նաեւ քաղաքական բռնությունները, բայց այս անգամ կարտագաղթեն քաղաքականությամբ զբաղվողները, նման դեպքեր ունեցել ենք:
Եթե մի երկրում արդյունաբերությունը չի զարգանում, եթե մի երկրում սոցիալ-տնտեսական ճկուն քաղաքականություն չեն վարում, չպիտի զարմանանք, որ 2009-2014 թվականների պաշտոնական տվյալներով, ՀՀ բնակչության թիվը 230 հազարից ավել նվազել է: Մեր երկրում հո բոլորը չե՞ն, որ կարող են առեւտրով զբաղվել, իսկ պետությունը աշխատաշուկայի կարգավորման հարցում ոչինչ չի անում, անունը դրել է ազատ շուկայական հարաբերություններ ու դեմը չի առնում: Հիմա էլ Սահմանադրական բարեփոխումներից են խոսում, սա նման է կկվի պատմությանը, կկուն բույն է փոխում, գիտի բույնն է հոտած»:
Նունե ԱՐԵՎՇՏԱՅԱՆ
Իշխանափոխության պարագայում էլ արտագաղթ կլինի՝քանի որ իշխանության կգան նեղացածները,որոնք չեն հապաղի люстрация-ի ենթարկել ներկայիս իշխանության ներկայացուցիչներին՝իսկ նրանք իրենց ընտանիքի անդամներով մի քանի տասնյակ հազար են:Այնպես,որ արտագաղթը երկու դեպքում էլ կա և կլինի…