«Ռուսական քաղաքական միտքը նախորդ դարի 90-ականներին ճանաչեց հայոց մեծ եղեռնը, բայց 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի վերաբերյալ դեռ դիրքորոշում չի արտահայտել: Ցեղասպանության հարյուր ամյակի նախաշեմին մեր պարտքն ենք համարում եւս մեկ անգամ դեսպանության միջոցով ռուս արդարամիտ քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրել այն պատմական իրողության վրա, որ 1915-23 թթ տեղի ունեցած ողբերգության կայացման ու դրա հետեւանքների ամրագրման՝ հայերի հայրենազրկման հարցում մեծագույն դերակատարումն է ունեցել 1921 թվականի Լենին- Աթա թուրք ապօրինի պայմանագիրը: Հավատում ենք, որ ռուսական քաղաքական միտքը պատմության աղբանոց կուղարկի այս ցեղասպանամետ պայմանագիրը եւ Թուրքիայի կամ այլ պետության հետ իր հարաբերությունները կարգավորող պայմանագրերում իրեն թույլ չի տա Հայաստանին վերաբերող դրույթներ ներառել»,- այսօր Հայաստանում ռուսական դեսպանատանը այս բովանդակությամբ նամակը հանձնելուց առաջ իր նամակը հրապարակեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով, ցեղասպանությունը մեծագույն հետեւանքներ չէր ունենա Հայաստանի վրա, եթե չլիներ այդ պայմանագիրը.« Նույնիսկ ցեղասպանությունից հետո ունեինք երկու միլիոնից ավելի բնակչություն, եթե մեր բնական աճի պայմաններում, բոլոր հայերը հավաքված լինեին մեկ հարկի տակ այսօր կունենայինք 25-30 միլիոն Հայաստան: Բայց քանի որ տեղի ունեցավ ռուս-թուրքական այդ համաձայնագիրը, Հայաստանի իշխանությունն էլ չկարողացավ բավարար չափով դիմադրություն ցույց տալ, որ այդ պայմանագիրը ուժի մեջ չմտնի, մարտի 16-ի պայմանագիրը, եղավ այն կնիքը, որով հաստատվեց ցեղասպանությունը՝ որպես օրինաչափ երեւույթ: Այդ պայմանագրով Թուրքիային անցավ Արեւելյան Հայաստանը, փաստորեն ցեղասպանությունը շարունակվեց նաեւ Արեւելյան Հայաստանում՝ Կարս, Արդահան, Ադրբեջանին հանձնվեց նաեւ Նախիջեւանը, հետագայում այդ պայմանագրի ազդեցության տակ Արցախի խնդիրն ունեցանք: Այդ խնդիրը Ռուսաստանը ստեղծեց, որ մեզ մշտական կախվածության մեջ պահի»: ԱԻՄ-ականներն այսօր քայլերթով հանրապետության հրապարակից գնացին արտաքին գործերի նախարարություն, այնուհետեւ ռուսական դեսպանատուն ու Ծիծեռնակաբերդ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև