Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Մարտ 16,2015 19:19

Մարտի 17-18-ը Հայաստանում տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը: Վեհաժողովի համատեքստում մարտի 16-ին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ Հեիդի Հաուտալայի եւ Բորիս Տարասյուկի բարձր հովանու ներքո, Բաց հասարակության հիմնադրամների, Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի եւ Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի համագործակցությամբ տեղի է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի եւ քաղաքացիական հասարակության համատեղ քննարկում:

Արեւելյան գործընկերության տարածաշրջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու գործընկեր երկրների խորհրդարանականները քննարկել են Արեւելյան գործընկերության ձեռքբերումներն ու մարտահրավերները: Բանախոսներն անդրադարձել են տարածաշրջանում ստեղծված ռազմավարական նոր իրավիճակին եւ որոշ երկրների նկրտումներին, ժողովրդավարական բարեփոխումների առաջխաղացման գործում արձանագրված հաջողություններին ու ձախողումներին:

Անդրադարձ է եղել Եվրոպական հարեւանության եւ ԵՄ տարածաշրջանային քաղաքականությանը, դրա գործիքների վերանայման վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկներին ու տեսակետներին:

Բացման խոսքում Եվրանեսթի համանախագահ Բորիս Տարասյուկը ողջունել է քննարկման մասնակիցներին՝ նշելով, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը կարեւոր հարթակ է կարծիքներ փոխանակելու համար:

Արեւելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի ղեկավար, Լեհաստանը ներկայացնող Քշիշտոֆ Բոբինսկու խոսքով՝ Հայաստանում քաղաքացիական հասարակությունն առաջընթաց է գրանցել այս տարիներին, որը ողջունելի է: Նա կարեւորել է իրականացվող բարեփոխումները, անդրադարձել է նաեւ քաղաքացիական հասարակության եւ խորհրդարանների համատեղ աշխատանքին: Դիմելով ԵԽ անդամ երկրներին՝ նա կոչ է արել հավատարիմ մնալ որդեգրված սկզբունքներին, աշխատել քաղաքացիական ֆորումի ներկայացուցիչների հետ՝ ապահովելու համար ժողովրդավարական սկզբունքների իրականացումը:

Արեւելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի Ուկրաինայի ազգային պլատֆորմի ներկայացուցիչ Իրինա Սուշկոն, անդրադառնալով քաղաքացիական հասարակությանը, նշել է, որ այն Արեւելյան գործընկերության երկրներում նոր է ձեւավորվում եւ դեռեւս չունի իր ինստիտուցիոնալ կառուցվածքը, սակայն ապացուցել է իր հավատարմությունը ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքների գերակայությանը:

Բաց հասարակություն հիմնադրամի ներկայացուցիչ, Վրաստանը ներկայացնող Վանո Չխիկվաձեն խոսել է վերջին տարիներին Վրաստանի ձեռքբերումներից եւ թերացումներից, անդրադարձել մարտահրավերներին: Նա, մասնավորապես անդրադարձել է Վրաստանի դատական իշխանության, անձնական տվյալների, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին:

Վրաստանը ներկայացնող տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի ղեկավար Նինո Եվգենիձեն խոսել է Վրաստանի՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրին անդամակցության մասին եւ նշել արձանագրած հաջողությունները:

Մոլդովայի ազգային պլատֆորմի ներկայացուցիչ Իոն Մանոլեն բարձր է գնահատել քաղաքացիական հասարակության դերը Արեւելյան երկխոսության համատեքստում:

Քաղաքացիական հասարակության ֆորումի չորրորդ խմբի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրել է հետազոտություն, որը վերաբերում է վեց երկրների՝ Արեւելյան գործընկերությանն ինտեգրման գործընթացներին:

Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով՝ Եվրանեսթի աշխատանքը կլինի հաջողված միայն փոխադարձ վստահության մթնոլորտում: Արտակ Զաքարյանի խոսքով՝ շատ կարեւոր է փոխգործակցությունը քաղաքացիական հասարակության հետ, քանի որ եթե Արեւելյան գործընկերության անդամ երկրների հասարակությունների միջեւ չկա փոխադարձ վստահություն, ցանկացած աշխատանք անպտուղ կլինի:

Քննարկումն ամփոփել է Բաց հասարակություն հիմնադրամներ Հայաստան հասարակական գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը: Նա, անդրադառնալով քննարկման թեմային, նկատել է, որ քաղաքացիական հասարակությունը կարեւոր է յուրաքանչյուր երկրի համար:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031