Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Թուրքիան իր մերժողական քաղաքականությամբ խնդիր է դարձել ոչ միայն Հայաստանի համար»

Մարտ 16,2015 18:44

«Ցավալի է, որ Նորվեգիայի իշխանությունները Հայոց ցեղասպանության խնդիրը դիտարկում են քաղաքական շահախնդրության հարթությունում եւ փորձում են նման խնդրի շուրջ քաղաքական դիվիդենտներ հավաքել»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հայտարարությանը, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Էռնա Սոլբերգը հայտարարել էր, որ  ներկա չի գտնվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը, քանի որ կարեւորում է Նորվեգիայի եւ Թուրքիայի հարաբերությունները: Արարողությանը կմասնակցի միայն դեսպանը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը համարում է, որ այդ հայտարարությունը խոսում է միայն Նորվեգիայի վարչապետի բարոյական նկարագրի մասին. «Ավելի լավ է՝ նման մարդիկ երբեք ներկա չլինեն ոգեկոչման արարողությանը: Ավելին ասեմ՝ դեսպանը կարող է հանգիստ չմասնակցել, եթե գերիշխանությունները հարցը դիտարկում են այդ ոլորտում: Սա Նորվեգիայի իշխանությունների գործն է, իրենց որոշելիքն է, Աստված իրենց հետ»:

Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ բոլոր այն երկրների ղեկավարները եւ պատվիրակները, որոնք մասնակցելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը, հարգանքի տուրք են մատուցելու ոչ թե շահախնդրությունից ելնելով, այլ՝ զուտ պատմական արդարության վերականգման համար եւ 1.5 միլիոն զոհերի հիշատակի ոգեշնչման համար.  «Իհարկե՛, այդ ամենը քաղաքական հետեւանքներ կունենա: Առաջիկայում հիմնական կարեւոր գործոնն այն է, որ Հայկական հարցը՝ որպես Թուրքիայի հետ շփվելու գործոն, հետզհետե ուժեղանում է: Բայց այդ ամենը պայմանավորված չէ միայն մասնակցելով կամ չմասնակցելով, այլ պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան իր մերժողական քաղաքականությամբ խնդիր է դարձել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ քաղաքակիրթ աշխարհի համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031