Լրահոս
Օրվա լրահոսը

Դեբեդավանի մանկապարտեզը շռայլություն են համարել ու փակել

Մարտ 16,2015 18:25

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը մարտի 15-ին մեկնել է  Տավուշի մարզի  Դեբեդավան գյուղ, որը գտնվում է մարզկենտրոնից 77 կմ հյուսիս-արևմուտք, Դեբեդ գետի աջափնյակում: ԱԺ նախկին պատգամավորը սահմանամերձ այդ գյուղ էր մեկնել բնակիչների նամակի հետքերով: Նրանք դժգոհել էին, որ գյուղի ավագանու դեկտեմբերյան որոշմամբ լուծարվել է մանկապարտեզը, որտեղ հաճախում էր 30 երեխա:

Տիկին Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Դեբեդավանը Վրաստանի սահմանին՝ մաքսակետին կպած գյուղ է, երեք կողմից Վրաստանին է սահմանակից, մեկ կողմից Հայաստանին: «Մանկապարտեզը տարեկան 3,5 մլն դրամի ֆինանսավորում է ունեցել, եթե, իհարկե, տվել են, դեկտեմբերի 30-ին գյուղի ավագանին որոշում է կայացրել լուծարել այն, որը մեծ բողոք է առաջացրել ծնողների մոտ եւ հատկապես մանկապարտեզի վարիչի: Վերջինս նամակ էր գրել ինձ եւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Հանդիպեցինք ծնողների հետ: Ի միջիայլոց Համաշխարհային բանկի վարկի երրորդ ծրագրով նախատեսվում է  բոլոր այն համայնքներում, որտեղ մանկապարտեզ չկա, բացել նախակրթարաններ, ֆինանսավորել դրանք գյուղի դպրոցի շենքում կամ կառույցում: Ընդ որում` նախակրթարանները միայն 5 տարեկանների համար են:  Ծնողները դժգոհում էին, որ  գյուղում մի մշակութային կրթություն էլ չկա, միայն դպրոցն է  ու այդ մանկապարտեզն էր: Գյուղապետն էլ ասում է՝ գումար չունեմ ու  վկայակոչում նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի այն խոսքերը, թե այդ գյուղի համար մանկապարտեզ ունենալը շռայլություն է: Մենք էլ ասում ենք՝ կա օրենք, եւ որ  հանրակրթությունը սկսվում է նախադպրոցական կրթությունից, համայնքների պարտականություններից առաջինը մանկապարտեզի գործունեությունը կազմակերպելն է: Գյուղապետը պնդում է, թե չունեմ փող, ինձ ընդամենը 8,5 մլն դրամ սուբսիդիա են տալիս, ու ես չեմ կարող  50 %-ը տալ մանկապարտեզին, թող նախակրթարանը բացվի, միայն 5 տարեկանները էնտեղ գնան: Բայց չէ՞ որ նախակրթարանը մանկապարտեզ չէ,  այնտեղ առավոտից մինչեւ 12-ն են հաճախում, եւ հետո մանկապարտեզը այլ նպատակներ է հետապնդում»,-տարակուսանք է հայտնում Անահիտ Բախշյանը: Ու հավելում, թե ի՞նչ եզրակացության է եկել այս  տխուր պատմությունները լսելով. «Վերջերս մեր կառավարությունը 10 մլն դրամ քամուն տվեց՝ հայ-ռուսական երիտասարդական ինչ-որ միջոցառման համար, մինչդեռ այդ  10 մլն-ով այսպիսի գյուղերում 3 մանկապարտեզ մի ամբողջ տարի կաշխատեր: Հիմա Ձեզ եմ դիմում պարոն վարչապետ, պարոն նախարար մեր երեխաների կրթությունը շռայլություն չի կարող լինել, գնացեք որտեղից ուզում եք, փող գտեք: Ի դեպ, Դեբեդավանում ծնողները  մանկապարտեզի համար վճարում են ամսական 3000 դրամ, պատրաստ են 4000 դրամ տալ, միայն թե մանկապարտեզը չփակվի: Համ էլ, էդ ինչի՞ց է, որ միայն Երեւանում  PR ապահովելու համար մանկապարտեզներն անվճար են, իսկ մարզերում՝ վճարովի» :

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ hetq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031