Այսօր Երեւանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովում քվեարկության դրվեց «Ենթակառուցվածքային համագործակցությունը ԵՄ-ի եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջեւ համատեղ նախագծեր ճանապարհների, երկաթուղու, օդային տրանսպորտի ոլորտներում» զեկույցի նախագիծը: Նախագծի համազեկուցողն էր ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Քննարկումների ընթացքում զեկույցի մեջ մի շարք փոփոխությունների առաջարկ էր եղել, որոնք դրվեցին քվեարկության:
Մինչ քվեարկությունը Մհեր Շահգելդյանն իր դիրքորոշումը ներկայացրեց հատկապես 11-րդ փոփոխության վրա եւ հայտարարեց, որ իրենք դեմ են դրան: Այդ փոփոխությունն առաջարկել էր Ադրբեջանի պատվիրակը:
Մհեր Շահգելդյանի խոսքերով՝ «11-րդ լրացումն ընդունելի չէ, այլ դաշտից է, չի համապատասխանում տվյալ զեկույցի հետ: Մենք այս լրացմանը դեմ ենք: Այն վերաբերում է օկուպացիային եւ ԼՂՀ խնդրին: Մենք դեմ ենք»:
Կարդացեք նաև
Քվեարկության ժամանակ գրեթե բոլորը դեմ արտահայտվեցին (միայն 2 ձեռնպահ եղավ) ադրբեջանցիների այդ առաջարկին եւ այն չընդունվեց, մերժվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ