Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Հարցադրում պետք է ուղղել ոչ թե Պուտինին, այլ՝ մեր ներքին իշխանություններին»

Մարտ 16,2015 17:30

«Ընտրություն նշանակում է կորո՞ւստ: Ես իմ զեկույցը վերնագրել եմ «Ընտրությո՞ւն, թե՞ պարտադրանք»,- այսօր այսպես Երեւանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պատասխանեց պատվիրակության անդամներից մեկի՝ Պասկալ դե Միկոյի ուսումնասիրությանը, որտեղ նա բացատրում էր, թե Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրն ինչ առավելություններ էր տալու եւ ինչ են կորցրել երկրները ԵՏՄ մտնելով:

Վահագն Խաչատրյանի խոսքերով՝ «Քաղաքականության մեջ պարտադրանք երբեւիցե չի լինում: Լինում է  այն ժամանակ, երբ այլեւս անելիք չունես, կապիտուլյացիայի ես ենթարկվել: Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ՀՀ-ն ընտրություն ուներ եւ Հայաստանը գիտակցաբար ընտրեց ՄՄ-ն: Դա տնտեսական ընտրություն չէր, այլ՝ քաղաքական, աշխարհաքաղաքական: Խնդիրն այն է, որ չկա մինչեւ հիմա ձեւավորված ռազմավարություն, թե ուր է գնում Հայաստանը: Բյուջեում ամրագրում են, ուզում են ինֆլյացիան ցածր լինի, գործազրկությունը ցածր լինի, մարդիկ լավ ապրեն, բայց թե ինչ պետք է անեն՝ ռազմավարություն չկա: Մտածում են դառնալ որեւէ միության անդամ եւ այդ միության միջոցով փորձել տնտեսությունը զարգացնել: Դա է պատճառը, որ 2013-ին Հայաստանն այդպիսի որոշում ընդունեց»:

Նա հիշեցրեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ 180 աստիճանով վերափոխված կարծիքները ՄՄ-ի, ԵՄ Ասոցացման համաձայնագրի մասին. «2011-ի մարտի 16-ին, ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում, ՄՄ-ին վերաբերող հարցի հետ կապված ասաց՝ մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ ՀՀ-ն ԱՀԿ-ի անդամ է, ՌԴ-ն նույնպես ցանկություն ունի ԱՀԿ-ի անդամ դառնալ, միջազգային պրակտիկայում չկա այնպիսի փորձ, որ որեւիցե երկիր, չունենալով աշխարհագրական սահման մաքսային այս կամ այն միության հետ, դառնա այդ միության անդամ: Իսկ հետագայում շատ կտրուկ Տիգրան Սարգսյանի տեսակետը փոխվում է: 2014-ին ասում է, որ ՀՀ ապրանքների եւ ծառայությունների մշակման աստիճանը ցույց է տալիս, որ Հայաստանը շատ ավելի մոտ է ԵՏՄ համակարգին»:

Ըստ Վահագն Խաչատրյանի, ունենք այն, ինչ ունենք, եւ չի կարելի ստեղծված իրավիճակում ողբերգություն սարքել, պետք է աշխատել օգտվել ՄՄ-ից. «Այսպես թե այնպես ՄՄ-ն շարունակում է կայանալ, մենք հիմնականում գործ ենք ունենում ՌԴ-ի հետ: Մի կարեւոր հանգամանք կա. ցանկացած բան ազդեցություն է ունենում ՀՀ-ի վրա: ՌԴ-ում ճգնաժամ է լինում, մենք վերջին տարիներին վատագույն վիճակում ենք հայտնվում: Արտաքին պարտքը մեր մեծ է, ունենք ֆինանսական մատչելի միջոցների խնդիր: Այս ընտրությունը գուցե հնարավորություն կտա օգուտների: Մեզ որեւէ մեկը չի կարող ստիպել, եթե մենք պատրաստ չենք բարեփոխումներ անել, եթե երկրում չկա ներդրումային գրավիչ դաշտ, կա կոռուպցիա, որեւէ միության անդամ դառնալը չի կարող մեզ օգնել: Եթե իշխանությունը քաղաքական կամք ունենա, մենք կարող ենք օգտվել թե՛ ԵՄ-ից, թե՛ ԵՏՄ-ից: Հարցադրում պետք է ուղղել ոչ թե Պուտինին, այլ՝ մեր ներքին իշխանություններին»:

Վահագն Խաչատրյանը նաեւ նշեց, որ գարնանից սկսած ԵՄ-ի նկատմամբ վստահությունը մարդկանց մոտ 5 տոկոսով ավելացել է. «ԵՄ են ձգտում բիզնեսի, ժողովրդավարության, սեփականության անձեռնմխելիության, արդարադատության, բարեկեցիկ կյանքի ակնկալիքով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031