Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Եվրանեսթ ԽՎ Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստին

Մարտ 16,2015 17:20

Հարգելի պատգամավորներ,

Շնորհակալություն եմ հայտնում՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստին ելույթ ունենալու հնարավորության համար:

Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ իրականացվող համապարփակ և բազմակողմանի համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը և այլն: Այս փոխգործակցության մեջ մեծապես կարևորվում է խորհրդարանական ներգրավվածությունը:

Հարգելի պատգամավորներ,

Ինչպես արձանագրված է վիլնյուսյան գագաթաժողովի շրջանակներում Հայաստան-Եվրոմիություն համատեղ հայտարարությունում` կողմերը համաձայնել են հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմքերի ստեղծման անհրաժեշտության շուրջ: Հայաստանը մտադիր է զարգացնել համագործակցությունը Եվրոմիության հետ՝ ուղղված մարդու իրավունքների խթանմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, դատական համակարգի շարունակական բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի ու ներդրումների համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության ընդլայնմանը և ոլորտային համագործակցության զարգացմանը:

Ներկայումս եզրափակիչ փուլում են գտնվում Եվրոմիության գործընկերների հետ խորհրդակցությունները՝ որոշելու մեր համագործակցության հետագա իրավական շրջանակը` հիմնված այն առաջընթացի վրա, որն արձանագրվել է նախորդ շրջանում: Հայաստանը պատրաստ է բոլոր ձևաչափերով, հնարավոր ոլորտներով և ուղղություններով շարունակել Եվրոմիության հետ համապարփակ համագործակցությունը՝ նկատի ունենալով մեր պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում:

Համագործակցության առաջնահերթություններից է հանդիսանում շարժունակության խթանումը: Խրախուսելով մարդկային շփումները Եվրոմիության անդամ երկրների հետ` առավել նախադրյալներ կստեղծվեն գործընկերային հարաբերությունների խորացման համար: Ինչպես, հավանաբար, տեղյակ եք, 2014թ. hունվարից ուժի մեջ են մտել Եվրոմիության հետ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը: Հայաստանի կառավարության որոշմամբ 2013թ.-ից Եվրոմիության անդամ երկրների քաղաքացիներն ազատված են Հայաստան մուտքի արտոնագրի պահանջից: Ակնկալում ենք, որ մոտակայում հնարավոր կլինի սկսել բանակցությունների նոր փուլ` ուղղված արտոնագրային ռեժիմի ազատականացմանը:

Մենք կարևորում ենք նաև Եվրոպական միության հետ ոլորտային համագործակցության ընդլայնումը: Այդ նպատակով կնքվել է Եվրոմիության ծրագրերին Հայաստանի մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ արձանագրությունը, որը ուժի մեջ է մտել 2014թ. մարտին: Այն հնարավորություն է ընձեռում մասնակցելու Եվրոմիության կրթական, առողջապահական, մշակութային և մի շարք այլ ծրագրերի:

Խորհրդարանական և միջկառավարական հարթություններին զուհագեռ Եվրոպական միության հետ մեր օրակարգն իրականցնելիս մեծապես արժևորում ենք քաղաքացիական հասարակության դերը, ինչի ապացույցն է նաև նրանց մեծաթիվ մասնակցությունը Երևանում անցկացվող այս Վեհաժողովի նիստին:

Տիկնայք և պարոնայք,

Այսօր միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման ուղիների որոնման վրա: Հայաստանին և Ուկրաինային կապում է ոչ միայն բազմադարյա բարեկամությունը մեր երկու ժողովուրդների միջև, այլև՝ Ուկրաինայում ապրող բազմահազարանոց հայ համայնքի առկայությունը: Հայաստանը ողջունել է Մինսկի գագաթաժողովի արդյունքները՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի Նախագահների և Գերմանիայի Կանցլերի կողմից համատեղ հռչակագրի ընդունումը, ինչպես նաև՝ Մինսկի պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ Կոնտակտային խմբի կողմից ստորագրված փաստաթուղթը: Լիահույս ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ճանապարհ կհարթի ճգնաժամի համապարփակ կարգավորման համար:

Տիկնայք և պարոնայք,

Հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը առաջնային նշանակություն ունի՝ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու և կայուն զարգացում ապահովելու համար: Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, և հնարավոր չէ մեկ ընդհանրական բանաձև կիրառել դրանց կարգավորման նպատակով: Հակամարտությունների հանգուցալուծմանն ուղղված ջանքերը պետք է ընթանան համաձայնեցված հատուկ բանակցային ձևաչափերի շրջանակներում և պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել այդ բանակցային գործընթացները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է, և կարևոր է սատարել եռանախագահների կողմից գործադրվող ջանքերին` ուղղված հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Մինսկի խմբի համանախագահների օգտագործած ձևակերպումներին հակասող հայտարարությունները կարող են որպես կողմնապահություն դիտարկվել և վնասել խաղաղության գործընթացին:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության ներկա փուլին՝ պետք է նշել, որ Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: Նա մերժում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները ոչ միայն հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների, այլև՝ վստահության ամրապնդման միջոցների իրականացման վերաբերյալ: Այդ առաջարկներն արդյունքն են նախորդ վեց տարիների անխոնջ ջանքերի` շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակի մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների անթիվ այցեր տարածաշրջան:

Վերջին մեկ տարում Բաքուն լրջորեն սրել է իրավիճակը` զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ: Բաքվի այս քաղաքականությունը պատճառ է հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների՝ հակամարտության բոլոր կողմերի համար:

Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետևանք հանդիսացող շարունակական լարվածության պայմաններում համանախագահները Բաքվին «խիստ մտահոգություն հայտնեցին շփման գծի և Հայաստան – Ադրբեջան սահմանի երկայնքով ներխուժումների առնչությամբ»: Նրանք ուղղակիորեն կոչ արեցին «Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին»: Համանախագահները հարկադրված էին Բաքվին հիշեցնել իրենց մանդատի մասին և մտահոգություն հայտնել ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների նկատմամբ Բաքվից հնչող քննադատության վերաբերյալ: Կարևոր է, որ համանախագահները հստակորեն մատնանշեցին բռնության պատասխանատու, ապակառուցողական կողմին: Սակայն, ոչինչ չի զսպում Ադրբեջանին:

Ադրբեջանական սադրանքները արտահայտվում են նաև մշտական ռազմատենչ հռետորաբանությամբ և հակահայկական ատելության քարոզով: Ադրբեջանը, որը վերջին 10 տարում 30 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, շարունակաբար սպառնում է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով: Ադրբեջանում այն քաղաքացիական ակտիվիստները, մտավորականները և լրագրողները, ովքեր խաղաղության և հաշտեցման ջատագովներ են, հետապնդվում են որպես «հայկական լրտեսներ» և հայտնվում ճաղերի հետևում:

Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մշտապես կողմ է եղել և մնում համանախագահ երկրների առաջարկների վրա հիմնված բանակցությունների շարունակմանը` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Հարգելի պատգամավորներ,

Ինչպես հայտնի է, այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը: Անցյալի ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում դրանց կանխարգելման հիմնական գործոններից մեկն է։ Ահա թե ինչու պետությունները չպետք է ստորադասեն այս վեհ նպատակը որևէ աշխարհաքաղաքական հաշվարկների։

Դեռևս 1987թ. Եվրոպական խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և 2000, 2002, 2005 թվականներին վերահաստատել Ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը` դրանով իսկ իր մեծ ներդրումն ունեցել այս ուղղությամբ իրականացվող ջանքերում:

Մենք մեծապես գնահատում ենք նաև, որ Եվրոպական խորհրդարանը իր տարբեր բանաձևերում կոչ է արել Թուրքիային բացել սահմանը հարևան Հայաստանի հետ և հաստատել բնականոն դիվանագիտական հարաբերություններ:

Մարտի 3-ին Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ընդունել է բանաձև, որը կոչ է անում Թուրքիային ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը և դիմում է միջազգային կազմակերպություններին, Եվրոմիության և Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին՝ վերականգնելու պատմական արդարությունը և հիշատակի տուրք մատուցել զոհերին:

Չորս օր առաջ` մարտի 12-ին, Եվրախորհրդարանը ընդունել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի իր տարեկան զեկույցը, որում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսում ԵՄ կառույցներին՝ նպաստելու Ցեղասպանության ճանաչմանը»:

Ցանկանում եմ օգտագործել այս առիթը` ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց ովքեր նպաստել են այս ձևակերպումների ընդունմանը: Մեր բոլորի համատեղ ջանքերի միջոցով է միայն հնարավոր էական ներդրում ունենալ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում:

Մեծարգո պատգամավորներ,

Խորհրդարանների առջև կարևոր առաքելություն է դրված` կապեր հաստատել հասարակությունների միջև, խթանել միջպետական հարաբերությունների զարգացումը: Լիահույս ենք, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի երևանյան նիստի աշխատանքներն իրենց կարևոր ներդրումը կունենան այս ուղղությամբ իրականացվող ջանքերում:

Թույլ տվեք արդյունավետ քննարկումներ մաղթել ձեզ:

Շնորհակալություն:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031