Սկսվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն:
Մարտի 16-ին ԱԺ փոխնախագահը Վիլնյուսում հանդիպում է ունեցել Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասի եւ Սեյմասի անդամ Ռասա Յուկնեվիցիենեի հետ:
Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-լիտվական հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցում: Այս համատեքստում նա կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող պատգամավորական բարեկամության խմբերի դերն ու նշանակությունը:
ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել, որ Լիտվան աշխարհում առաջինն է ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ Բալթյան երկրներից միակն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նա իր երախտագիտությունն է հայտնել լիտվացի խորհրդարանականներին՝Վիլնյուսի Ցեղասպանության թանգարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի անցկացմանն աջակցելու համար: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Լիտվան Հայոց ցեղասպանությանը նվիրված ոգեկոչման արարողություններին կներկայանա բարձր մակարդակով:
Կարդացեք նաև
Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ: Նա ընդգծել է, որ Հայաստանում ժողովրդավարական արժեքներին այլընտրանք չկա:
Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը Ազգային ժողովի Պատվո մեդալներով է պարգեւատրել Գեդիմինաս Կիրկիլասին եւ Ռասա Յուկնեվիցիենեին՝ հայ-լիտվական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: