Սահմանված ժամանակացույցի համաձայն մայրաքաղաքում ընթացքի մեջ են գետերի հուների մաքրման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է նաև, որ Էրեբունի վարչական շրջանում այդ աշխատանքներն արդեն ավարտվել են: Քաղաքապետի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի ցայտաղբյուրների գործարկման ուղղությամբ:
2014թ. ընթացքում քաղաքապետարանի ծրագրով և «Երևան գազ», «Երևան Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացված ասֆալտապատման աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման հետ կապված շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ դրանք ընթացքի մեջ են: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում արձանագրվել է ասֆալտբետոնե ծածկի ապօրինի քանդման 4 դեպք: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է այս ուղղությամբ խիստ հսկողություն սահմանել՝ բացառելով նման դեպքերի կրկնությունը և հետևել, որպեսզի հետևանքները կարճ ժամանակում վերացվեն:
Ապօրինաշինության և հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 9 դեպք: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է նաև, որ թվով 6 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարան