Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է Հայաստանի ու ԵՄ-ի միջև համագործակցությունը և նշել, որ մեր երկիրը պատրաստակամ է առաջ մղելու Եվրամիության հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության և այլ բնագավառներում:
ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ենթակառուցվածքների զարգացման և փոքր ու միջին ձեռներեցության աջակցության ոլորտներում Եվրոպական ներդրումային բանկի կողմից հատկացված ֆինանսական աջակցությունը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է բանկի կողմից, հատկապես, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերը՝ Արևելյան գործընկերության երկրների ենթակառուցվածքները ԵՄ-ի Տրանս-եվրոպական ցանցերին փոխկապակցելու նպատակով: Կարևորվել են նաև բանկի կողմից համաֆինանսավորվող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» և «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրերի իրականացումը:
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար, ընդգծել է, որ ԵՆԲ-ի համագործակցությունը ՀՀ կառավարության հետ հասել է տպավորիչ մակարդակի: Պարոն Մոլտերերը շեշտել է, որ Եվրոպական ներդրումային բանկը շահագրգռված է ավելացնելու իր գործունեության ծավալները և մակարդակը Հայաստանում: Վիլհելմ Մոլտերերը նշել է, որ ԵՆԲ-ի առաջնայնությունները լիովին համահունչ են ՀՀ կառավարության գերակայություններին և ավելացրել, որ բանկը պատրաստ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, ընդլայնելու փոխգործակցությունը ենթակառուցվածքների, էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում:
Կարդացեք նաև
Երկուստեք կարևորվել է նաև ԵՆԲ-ի ներդրումը բազմաբանկային (ՎԶԵԲ, ԱԶԲ, KfW, ԵՄ-ի հարևանության ներդրումային հիմնադրամ) համաֆինանսավորման ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք այլ հարցեր:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ