Լրահոս
Օրվա լրահոսը

Times Educational Supplement-ը հոդված է հրապարակել UWC Դիլիջան քոլեջի մասին

Մարտ 16,2015 16:36

Բրիտանական հեղինակավոր TIMES ամսագրի հայտնի կրթական հավելվածը՝ Times Educational Supplement-ը (TES) հոդված է հրապարակել UWC Դիլիջան քոլեջի մասին: Հոդվածի հեղինակ Ուիլյամ Սթյուարթի «Հայկական «ապուրն» ունի ազգերին միավորելու բաղադրիչներ» խորագրով հոդվածում անդրադարձ է կատարվում UWC Դիլիջան քոլեջի ստեղծման պատմությանը, քոլեջի նպատակին ու առաքելությանը, ընդգծվում է, որ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ հիմնված քոլեջի նպատակն աշխարհում խաղաղության խթանումն է:

«Սա ուղղակի պատմություն չէ մեծահարուստների երեխաների համար ստեղծված քոլեջի  մասին, որպեսզի նրանք վերջում հայտնվեն լավագույն համալսարաններում: Սա համաշխարհային կրթական շարժման մաս կազմող, ավելի քան կես դար առաջ Հարավային Ուելսում հիմնադրված ամենավերջին UWC քոլեջն է (United World College), որն ստեղծվել է համաշխարհային խաղաղությունը խթանելու բարձր նպատակով»,-գրում է հեղինակը:

Նա ընդգծում է, որ այն արմատներով սերում է Ատլանտյան քոլեջից, որը Գլամորգանի ափին 1962թ. Քուրթ Հանի կողմից բացված վեց դասարան ունեցող անկախ գիշերօթիկ է: Սառը պատերազմի աճող լարվածության պայմաններում, գերմանացի մանկավարժը ցանկանում էր կրթությունն աշխարհի միավորման միջոց դարձնել: Հենց Ատլանտյան քոլեջից  ծնվեց  միջազգային բակալավրիատի գաղափարն ու հինգ տարբեր մայրցամաքներում փոխկապակցված դպրոցների շարքը, բոլորն էլ՝ Հանի սկզբունքների վրա հիմնված: «Դիլիջանի նոր քոլեջում, որը բացվեց անցյալ աշնանը ու դարձավ 14-րդ UWC-ն, դուք կարող եք այդ սկզբունքների իրական արտացոլումը տեսնել»,-ընդգծում է հեղինակը:

«TES-ը քոլեջ այցելեց Ուկրաինայի կառավարական ուժերի և ապստամբների միջև տեղի ունեցած ծանր պայքարի հաջորդ օրը: Երբ ուսանողները հավաքվեցին կրթության նպատակի շուրջ խմբակային քննարկման, նրանց ուսուցիչներից մեկը հանգիստ կերպով նշեց, որ պատերազմող երկրներից ժամանած երկու ուսանող կողք կողքի են նստել:  Նրանց կողքին էին նաև ազգությամբ հայ ու թուրք ուսանողները, ովքեր հակառակ կողմերում են մեծացել 1915թ. Հայոց ցեղասպանության բաժանարար իրադարձությունից հետո, մի ոճրագործության, որն առ այսօր, հարյուր տարի անց, լարվածություն է ստեղծում:

Նստելու համար նախապես արված հատուկ պայմանավորվածություն չկար, նրանք պարզապես ընկերներ էին, ովքեր ցանկանում էին կողք կողքի նստել: Եվ հենց այդպես է, որ  UWC-ն պետք է աշխատի: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է դպրոցը, որն ունի ուսանողներ Գազայից, Իսրայելից, Իրանից, Սիրիայից ու Լիբանանից, կառավարում իրավիճակը, երբ նման հարթակներում են խնդիրներ առաջանում, դպրոցի տնօրեն պարոն Փուդֆութը պատասխանեց. «Եթե մարդիկ միասին են ապրում, պետք է հարմարվեն: Սա շատ ավելի նուրբ մոտեցում է, քան ասել «Եկե՛ք հակամարտության կարգավորման մասին մի սեմինար կազմակերպենք»: Սա չէ մեր գործելաոճը: Մենք հասկացել ենք, որ ուսանողներն իրենք են անհրաժեշտ խոսակցությունն ստեղծում: Մենք պարզապես ցույց ենք տալիս մարդկանց, որ, թեև նրանք քաղաքական մակարդակի վրա տարաձայնություններ ունեցող երկրներից են, նրանք ցանկացած մեկի պես մարդկային էակներ են»»,- գրում է TES-ի լրագրողը:

Ըստ նրա՝ «ապուր»-ը պատրաստված է մանրակրկիտ ուշադրությամբ: Յուրաքանչյուր UWC քոլեջ որոշում է այն միջազգային ուսանողների ճշգրիտ համադրությունը, որը ցանկանում է ունենալ, և ապա դիմում է  147 երկրների UWC ազգային կոմիտեներին, որոնք հավաքագրում ու ընտրում են նրանց:  Ընդունելությունը նախագծված է այնպես, որ հաշվի չառնվեն դիմորդների ֆինանսական կարողությունները. Դիլիջանի նախնական 96 սաներից 63-ը մշտական 100%-անոց կրթաթոշակով են, մնացածի մեծ մասի  կրթության վարձի առնվազն կեսը վճարվելու է:

Լրագրողը մեջբերում է նաեւ քոլեջի համահիմնադիր ու կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդի խոսքերը. «Կրթությունն ապագայի բանալին է, սակայն բանալին սխալ ուղղությամբ են պտտում: Ես համաձայն եմ, որ կրթությունը բարեփոխման կարիք չունի: Այն բոլորովին այլ մոտեցման կարիք ունի»:

Ըստ հեղինակի՝ Ռուբեն Վարդանյան-Վերոնիկա Զոնաբենդ զույգը կարծում է, որ Հայաստանն ավելի մեծ ներուժ ունի այս առումով, քան զարգացած երկրներից շատերը, ու ձեռնամուխ եղան իրական միջազգային դպրոց բացելուն՝ UWC շարժման գաղափարի հետ կատարյալ համապատասխանություն ունենալով:

Հոդվածագիրը նշում է, որ զույգի կողմից դպրոցի համար ստեղծված հիմնադրամը ներդրումներ է անում Դիլիջանի նաև այլ մասերում: Այն արդեն ստեղծել է ավելի քան 100 նոր աշխատատեղ և ապահովում է, որ քոլեջն  ակտիվ մնա տեղական համայնքի համար:

 

 Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031