Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինանշանը պետության անձնագիրն է». մշակութաբան

Մարտ 16,2015 16:32

 

Իսկ մեր զինանշանը թերի է ու աղավաղված:

ՀՀ պետական խորհրդանիշներից մեկը՝ զինանշանը, ոչ թե մեկ, այլ մի քանի տարբերակով է ներկայացվում այսօր: Մինչդեռ քչերը գիտեն, որ այդ տարբերակները չեն համապատասխանում «ՀՀ պետական զինանշանի մասին» օրենքին կից հավելվածում ներկայացված զինանշանին, այլ խոսքով ասած՝ աղավաղումներ են:

ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը 4-5 տարի առաջ նկատել է, որ ՀՀ զինանշանը մի շարք թերություններ ունի, իսկ հետագայում ավելի խորը ուսումնասիրելուց հետո հասկացել է, որ շատ ավելի լուրջ սխալներ կան: «Հավանաբար, մեծ հումորի տեր մարդիկ կամ մեր թշնամիններն են տարածել ՀՀ զինանշանի այն տեսքը, որը կիրառվում է հիմա: Թեև զինանշանի պղծումը քրեորեն պատժելի արարք է, բայց այսօր համացանցում տարածված զինանշանի մի քանի տեսակների համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Նկարիչների միության նախագահը՝ կարծիք հայտնելով, որ ի սկզբանե պետական այս խորհրդանշի ստեղծողները լավ ծանոթ չեն եղել դրա ստեղծման օրենքներին, իսկ հետագայում էլ զինանշանի վրա աղավաղումներ են կատարվել:

Կ. Աղամյանն ասաց նաև, որ ինքը զինանշանի վերամշակված բազմաթիվ տարբերակներ ունի, իսկ վերջնական տարբերակը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի 1-2 ամսից:

Խոսելով մի քանի շտկումների մասին՝ պարոն Աղամյանն ասաց, որ նոր տարբերակում թուրը ջարդած չի լինի, ժապավենի վրա կարգախոս կլինի, առյուծի բերանը բաց կլինի, լեզուն կերևա, ինչպես և արծվի դեպքում. «Սովորաբար, տվյալ պետության զինանշանի վրա պատկերն այնպիսին է լինում, ինչ վիճակ այդ պահին երկրում է տիրում: Եվ ես հույս ունեմ, որ զինանշանի շտկմամբ երկրում էլ դրական փոփոխություններ կլինեն»,- նշեց Կ. Աղամյանը:

«Զինանշանը յուրաքանչյուր պետության անձնագիրն է, և տվյալ պետության զինանշանին նայելիս կարող ես պատկերացում կազմել նրա անցյալի, ներկայի ու ապագայի մասին»,- հավելեց մշակութաբան Գագիկ Մանասյանը:

Նրա խոսքով՝ գերբագիտության օրենքներով անընդունելի է, որ գերբի վրայի առյուծի բերանը փակ լինի, որովհետև դա նշանակում է, որ այդ առյուծը մեռած է, անպաշտպան, անզոր, անընդունակ է ինքնապաշտպանության. «Առյուծի պատկերը կա 30-ից ավելի գերբերի վրա, բայց դրանցից ոչ մեկի վրա նրա բերանը փակ չէ: Իսկ մեր առյուծի բերանը փակ է: Անթույլատրելի է նաև, որ մեր գերբի սուրը կոտրված է. սուրը պետք է կոտրի շղթան, ոչ թե վահանի տակ մտած լինի»,- ընդգծեց մշակութաբանը՝ ուշադրություն հրավիրելով նաև այն հանգամանքի վրա, որ մեր գերբի վրա ժապավեն կա, բայց դրա վրա ոչինչ չկա գրված. «Ժապավենի վրա սովորաբար գրվում է այդ պետության կարգախոսը: Մենք ունենք ժապավեն, բայց կարգախոս չունենք: Կարգախոսը պետք է ազգովի որոշվի, լինի բազմաբովանդակ և կարճ»,- նկատեց Գ. Մանասյանը:

Նա նաև նշեց, որ արդեն 2.5 տարի է, ինչ այս հարցը հանրային հնչեղություն է ձեռք բերել, որի արդյունքում էլ վերջերս ՀՀ մշակույթի նախարարության հրամանագրով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով՝ ՀՀ պետական խորհրդանիշների, մասնավորապես՝ զինանշանի վրա որոշակի փոփոխություններ, շտկումներ անելու նպատակով:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031