Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ամուսնացավ՝ ընտրելով ԵՏՄ-ն, այլեւս ազատ չէ. Եվրանեսթ

Մարտ 16,2015 15:54

Այսօր Երեւանում ընթացքող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ հայկական կողմը մեծապես կարեւորում է ԵՄ-ի հետ հարաբերության պահպանումն ու շարունակականությունը:

Ներկայում փորձագետների մակարդակով քննարկումներ են ընթանում ՀՀ-ԵՄ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության նոր քայլերի հստակեցման ուղղությամբ: Քննարկումներ են ընթանում նաեւ ավիացիոն ոլորտում համագործակցության առումով եւ բանակցություններ են ընթանում Հայաստան-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ. «ԵՄ շուկաները հայ արտադրողների համար գնալով դառնում են ավելի հետաքրքիր: Հայաստանը կարեւորում եւ գնահատում է ԵՄ-ի կողմից բյուջետային եւ տեխնիկական աջակցության տրամադրումը»:

Կարեն Ճշմարիտյանը վստահեցրեց, որ ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի համար կարեւորագույն առեւտրային գործընկերներից մեկը:

Եվրոպական խորհրդարանի քաղաքական բաժնի ներկայացուցիչ Պասկալ դե Միկոն ներկայացրեց մի ուսումնասիրություն, որը կոչվում էր «Երբ ընտրել՝ նշանակում է կորցնել. Արեւեւլյան գործընկերներ, ԵՄ եւ Եվրասիական տնտեսական միություն»: Նա համեմատել էր  Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը ԵՏՄ-ի պայմանագրի հետ: Հայաստանում տնտեսական իրավիճակը ներկայացնելիս նա ընդգծեց, որ Հայաստանի դեֆիցիտը 26,2 տոկոս է , բավականին լուրջ առեւտրային դեֆիցիտ է, որը մասամբ վերականգնվում է օտարերկրյա փոխանցումներով, ընդ որում՝ հիմնականում ՌԴ-ից: Մոլդովան էլ 26,2 տոկոս դեֆիցիտ ունի, բայց դրսից փոխանցումներ է ստանում, ավելի շատ, քան ՀՀ-ն. «Հետաքրքիր է Հայաստանի առեւտրային գործընկերների մասը դիտարկել, ԵՄ-ն առաջինն է՝ 27,9 տոկոս, ՌԴ-ն երկրորդ տեղում է՝ 24,3 տոկոս: Հայաստանը ՌԴ-ից կախված է էներգետիկ առումով 100 տոկոով, բայց կա Իրանի հետ խողովակ, որը կշահագործվի մոտ ապագայում»:

Պասկալ դե Միկոյի խոսքերով՝ հետխորհրդային տարածաշրջանի ինտեգրման հարցում երկու մոդել է գործում՝ ՄՄ եւ Ազատ առեւտրի համաձայնագիրը. «Տարիների ընթացքում հետխորհրդային բոլոր երկրները երկկողմանի համաձայնագրեր են կնքել ազատ առեւտրի՝ միմյանց հետ: Իրավիճակը հետեւյալն է. ունենք երկու տեսակի համաձայնագրեր: Հիմնական պատճառը երկու համաձայնագրերի Ուկրաինան է, որը երբեւէ չի ցանկացել միանալ ՄՄ-ին: Ուկրաինան այս պահին կկորցնի ՌԴ-ի հետ առեւտրի իր մասնաբաժինը: Կարելի է հստակ տեսնել, որ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը երկարաժամկետում շատ ավելի արդյունավետ է, շատ ավելի լավ բիզնես միջավայր կստեղծի, ներդրումներ կլինեն, եթե բարեփոխվեն էներգետիկայի եւ մի շարք այլ ոլորտներ, մենաշնորհները կվերանան եւ այլն: Կարճաժամկետում ավելի շատ ծախսատար է: Ծախսեր առաջանում են ՌԴ-ի քաղաքական հակազդումներից: Երբ երկիրն այլ ճանապարհ է ընտրում, քան ԵՏՄ-ն, Ռուսաստանը էներգետիկայի եւ այլ ապրանքների բարձր գներ է սահմանում նրանց համար: Գները ՌԴ-ն արհեստականորեն բարձրացնում է: Պաշտոնական Մոսկվան առեւտրային արգելանքներ է դնում: Առեւտրային արգելանքը չեմ կարող ասել ապօրինի է, բայց դիտարկվում է այդպիսին ԵՄ-ի կողմից, որովհետեւ այդ արգելքների մեծ մասը քաղաքական դրդապատճառներից են առաջացել»:

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Լյուկ Դեվինի խոսքերով՝ «Զարմացած էինք, երբ առաջին անգամ բավականին դաժան միջավայրում լսեցինք, որ ՌԴ  պաշտոնյաներն ասում էին, որ բեռնատարների շարժը Ուկրաինա չենք դադարեցնի, քանի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը չի դադարեցվել: Բանն այն է, որ մենք առաջարկում ենք երկրներին համաձայնագիր, ՌԴ-ն առաջարկում էր Մաքսային միություն: Մեր դեպքում դա բարեկամություն էր, որովհետեւ Հայաստանը կարող էր համաձայնագրեր կնքել ում հետ ուզում էր, ազատ էր կնքելու A, B, C, D երկրների հետ էլ: Իսկ Մաքսային միության դեպքում ամուսնության նման մի բան է, ՄՄ մտնելուն պես այլեւս ազատ առեւտուր եւ համագործակցություն ունենալ չես կարող: ԵՄ-ն թույլ էր տալիս ՀՀ-ին իր գոյություն ունեցող ազատ առեւտրի պայմանագրերը պահպանել, օրինակ՝ Վրաստանի հետ: Իսկ ինչո՞ւ ՌԴ-ն ՀՀ-ին թույլ չի տվել ԵՄ-ի հետ ազատ առեւտրի պայմանագրերը պահպանել: ԵՄ-ն առաջարկել է ազատ առեւտրի համաձայնագիր, եւ երկիրը ընտրել է Մաքսային միությունը: ՌԴ-ն դիմեց թշնամական կարգավորիչ սահմանափակումների՝ այն երկրների համար, որոնք որոշեցին գնալ այլ ճանապարհով: Խոսքը Ուկրաինայի, Մոլդովայի մասին է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031