Ինչո՞ւ ադրբեջանցիները չեկան Երևան: Այս հարցն այսօր Երեւանում ընթացող Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական նիստի ժամանակ հնչեցնում էին հայ պատգամավորները` ափսոսանք հայտնելով, որ ադրբեջանցիները հերթական անգամ խուսափեցին գալ Հայաստան ու մասնակցել ոչ միայն Արևելյան գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող կարեւորագույն քննարկումներին, այլև համոզվելու, թե որն է իրական հյուրընկալությունը:
Հիշեցնենք, ադրբեջանական պատվիրակության` Հայաստան չժամանելու թեման առավոտյան էլ քննարկման առարկա դարձավ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ժամանակ: Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները նախապես ասել էին, որ մասնակցելու են ֆորումին, բայց, ի վերջո, չէին եկել:
Եվրանեսթի քարտուղարությունը, սակայն, այդպես էլ չկարողացավ հստակ պատասխան տալ հայ պատգամավորների հարցադրմանը: «Մենք բոլոր հնարավոր ջանքերը գործադրեցինք, որ ադրբեջանցիները այցելեն Հայաստան ու մասնակցեն այս նիստին, բայց այդպես էլ չհաջողվեց: Հույս ունենք, որ հաջորդ անգամ կհաջողվի»,- եղավ պատասանը: Հիշեցնենք, «Եվրանեսթի» նախորդ լիագումար նիստին, որն անցկացվել է 2012թվականաին Բաքվում, հայկական պատվիրակությունը`վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ, մասնակցել է:
Եվրանեսթի քաղաքական նիստը, սակայն, բավական բուռն զարգացումներ ունեցավ` ռուս եւ եվրոպացի պատգամավորների փոխադարձ մեղադրանքների առումով: Մինչ եվրոպացիները փորձում էին ներկայացնել, որ ՌԴ նախագահ ՎլադիմիրՊուտինի իմպերիալիզմի ձգտումներն են Ուկրաինան բերել այս իրավիճակին, ռուսաստանցի պատվիրակները մեղադրանքներ էին հնչեցնում Արեւմուտքի հասցեին: Որ չարիքը չարիք պետք է կոչել, որ Ուկրաինայում պատերազմ է, որ Ուկրաինան այս պահին ագրեսիայի զոհ է` հնչում էր եւ ռուսների, եւ եվրոպացիների ելույթներում: Սակայն, մեղավորները, համապատասխանաբար, տարբեր էին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ