Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է արտոնագրային ռեժիմի ազատականացում

Մարտ 16,2015 15:10

Հայաստանը անչափ կարևորում է ԵՄ հետ համագործակցությունն ու դրա ընդլայնումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, քաղաքացիական հասարակության զարգացումը և այլն: Այսօր պաշտոնական Երեւանի դիրքորոշումը եվս մեկ անգամ բարձրաձայնեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Երեւանում մեկնարկած Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի  լիագումար նիստում: ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը Հայաստան-ԵՄ փոխգործակցության մեջ չափազանց կարևոր է համարում խորհրդարանական համագործակցությունը: Նա վերահաստատեց պաշտոնական Երեւանի դիրքորոշումը` Հայաստանը պատրաստ է բոլոր ձևաչափերով, հնարավոր ոլորտներում եւ ուղղություններով համագործակցության խորացմանը: Այս պահին առաջնային են համարվում մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում համագործակցությունը, առևտրի և ներդրումների համար հետագա միջավայրի ստեղծումը: ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ մարդկային շփումները ԵՄ երկրների հետ առավել խթանիչ պայմաններ կստեղծեն հարաբերությունների խորացման համար: Հիշեցնելով, որ եվրոպացիները ազատված են ՀՀ մուտքի արտանագիր ստանալուց, Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ առաջիկայում հնարավոր կլինի ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել`արտոնագրային ռեժիմի ազատականացման առումով:

«Լիահույս ենք, որ ձեռք բերված համաձայնությունը ճանապարհ կհարթի դեպի խաղաղ կարգավորում»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը` անդրադառնալով Ուկրաինայի իրավիճակին, հիշեցնելով, որ Հայաստանը ողջունում է հրադարարի մասին Մինսկում կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունը: Նա, արդեն ԼՂՀ  հակամարտության համատեքստում, հավելացրեց, որ պետք է հաշվի առնել` հակամարտությունները տարբերվում են մեկը մյուսից և տարբերակված մոտեցում են պահանջում: Կոնկրետ Լեռնային Ղարաբաղի պարագայում՝ ՀՀ ԱԳ նախարարը կրկին հայտարարեց, որ խաղաղ կարգավորումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում է: Նկատեց նաեւ, որ Բաքուն շարունակում է հակադրվել ՄԽ համանախագահներին և անում հնարավորը` խաղաղ բանակցությունները խարխլելու համար: Մասնավորաբար, վերջին մեկ տարում Բաքուն զգալիորեն սրել է իրավիճակը, այս քաղաքականությունը պատճառ է հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների բոլոր կողմերի համար. «ՄԽ համանախագահները ուղղակիորեն կոչ արեցին Բաքվին՝ մտահոգություն հայտնելով ընթացող բանակցային գործընթացի քննադատության վերաբերյալ: Կարևոր է, որ համանախագահները հստակորեն մատնանշեցին բռնության պատասխանատուին: Սակայն ոչինչ չի զսպում Ադրբեջանին, որը շարունակաբար սպառնում է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով: Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, մշտապես կողմ է եղել եւ մնում է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031