Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ի դիրքորոշումը փոխվել է սիրիական հակամարտության հարցում». արաբագետ

Մարտ 16,2015 14:40

«2010-ին Սիրիայում կյանքի միջին տեւողությունը 76 տարի էր, իսկ  2014-ին՝ 55 տարի է դարձել: 200.000-ից ավելի սպանվածներ, միլիոնավոր փախստականներ, տարհանվածներ: Սիրիայի բնակչության վեց տոկոսը կամ սպանվել կամ տարբեր վնասվածք են ստացել, մոտ երեք միլիոն սիրիացի կորցրել է աշխատանքը, ուրախացնող թվեր չեն»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ՄԱԿ-ի զեկույցից այս թվերը ներկայացրեց արաբագետ Սարգիս Գրիգորյանն՝ անդրադառնալով սիրիական հակամարտության չորս տարիներին:

Նրա խոսքով՝ սիրիական հակամարտության հարցում գլուխ է բարձրացել քրդական գործոնը.«Եթե քրդերը չունեին նույնիսկ քաղաքացիություն, ապա Սիրիայի քրդերը հիմա հանդես են գալիս ինքնավարություն ստեղծելու գաղափարով, առանձին շրջանակներ էլ առանձին պետություն ստեղծելու մասին են խոսում: Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում տեղի են ունենում զարգացումներ, որոնք բերում են տարածաշրջանային վերադասավորումներ, ի հայտ են գալիս նոր խաղացողներ, նոր խաղի կանոններ են ձեւավորվում, որտեղ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային շատ ուժեր փորձում են հարմարվել ու փոխել իրենց վերաբերմունքը տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ»:

Արաբագետ Հայկ Քոչարյանն էլ ասաց, որ Սիրիայից տեղահանվածների մեջ 2 միլիոնը երեխաներ են, իսկ նրանցից 800.000-ը առանց ծնողների են. «Սա ապագայի համար հուշում է, որ տարածաշրջանում լուրջ խնդիրների ենք բախվելու, նրանք ոչ կրթություն, ոչ սնունդ են ստանում»:

Սարգիս Գրիգորյանը դրական տեղաշարժ է նկատել հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ. «Երկու օր առաջ ԱՄՆ պետքարտուղարը Ջոն Քերրին հարցազրույցի ժամանակ ասաց, որ ԱՄՆ-ն պատրաստ է գնալ համագործակցության Բաշար Ասադի հետ, սա լուրջ տեղաշարժ է ԱՄՆ-ի դիրքորոշման հարցում: Սա մեկնարկն է, որ միգուցե այս կամ հաջորդ տարի, կնկատվեն դրական տեղաշարժեր Սիրիայից դուրս տեղի ունեցող զարգացումներում սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված գործընթացներում»:

Արաբագետը նկատեց, որ մինչեւ հիմա ԱՄՆ-ն շեշտը դնում էր Բաշար Ասադի հեռացման քաղաքականության վրա, այս հայտարարությամբ դրական տեղաշարժեր են նկատվում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031