Ինչպես հայտնի է՝ նախորդ շաբաթ մեկը մյուսի հետևից Շիրակի մարզի ԲՀԿ-ական պատգամավորներն ու պաշտոնյաները հայտարարեցին կուսակցությունից դուրս գալու մասին: Նրանց շարքերում էին Գյումրիից ընտրված ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, արթիկցի պատգամավոր Մուշեղ Պետոյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը: Վերջիններս իրեն հրավիրած մամուլի ասուլիսների ու տարածած հայտարարությունների մեջ անկեղծորեն խոստովանեցին, որ իրենք քայլը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալով, այսինքն իրենք այս կուսակցության շարքերը մտել էին ՝ համախմբվելով Ծառուկյանի անձի շուրջ:
Քանի որ ԲՀԿ-ի շարքերը լքած անձիք չեն բացառել այլ կուսակցության շարքեր մտնելու հավանականությունը, Aravot.am-ը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին հարցրեց, թե նախկին ԲՀԿ-ականներից կա՞ ն արդյոք «Հանրապետական» կուսակցության շարքերը մտնելու ցանկություն ունեցողներ: Սահակ Մինասյանն ասաց, որ ՀՀԿ շրջանային կազմակերպությունները ոչ մեկից դիմում չեն ստացել: Իսկ իշխող կուսակցությունը չի՞ պատրաստվում նրանցից որևէ մեկին իր շարքերը հրավիրելու, քանի որ ԲՀԿ-ի շարքերից հեռացած որոշ մարդիկ հայտարարեցին, թե այլ կուսակցություններից հրավերք ստանալու դեպքում կմտածեն: «Կուսակցություններ չեն մտնում հրավերով, կուսակցական դառնալը մարդու իրավունքն է, նա պիտի ցանկություն հայտնի, դիմում տա , մենք էլ քննարկենք նրա դիմումը »,-ասաց ՀՀԿ կառույցի ղեկավարը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև