Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը

Մարտ 16,2015 13:11

Մտահոգված լինելով, որ ՀՀ Կառավարության կողմից նորաստեղծ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը չի համապատասխանում անկախության, արդյունավետության, մասնակցության և մասնագիտական սկզբունքների վերաբերյալ «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 6-րդ և 36-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաև Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի և Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարություններին,

Հաշվի առնելով, որ Կառավարությունը դեռևս որևէ էական քայլ չի իրականացրել Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների Հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից Վարչապետին 2014թ. նոյեմբերի 28-ին ուղղված ուղերձում բարձրացված հարցերի իրականացման ուղղությամբ,

Փաստելով, որ Կառավարությունը չի ընդունել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ինչպես նաև Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների Հակակոռուպցիոն Կոալիցիայի և դրա անդամ կազմակերպությունների առաջարկները՝ ուղղված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում քաղաքացիական հասարակության լայն ներգրավմանն ու իրական մասնակցության ապահովմանը,

Նպատակ հետապնդելով Հայաստանում ունենալ «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 6-րդ և 36-րդ հոդվածների և միջազգային մյուս փաստաթղթերի, այդ թվում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի և Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարությունների պահանջներին համապատասխան ձևավորված անկախ, արդյունավետ, մասնակցային և մասնագիտական Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ.

Դիտարկելով Քաղաքացիական հասարակություն-Կառավարություն երկխոսությունը որպես Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության նախապայման,

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների Հակակոռուպցիոն Կոալիցիան

որոշում է.

Ներկա փուլում ձեռնպահ մնալ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու համար անցկացվելիք մրցույթին Կոալիցիային անդամակցող հասարակական կազմակերպությունների թեկնածուներ առաջադրելուց և մասնակցելուց,

Շարունակել, կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում իր ակտիվ դերակատարումը, մասնավորապես, իրականացնելով Կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ Խորհրդի գործունեության անկախ և մասնագիտական դիտորդում,

Միաժամանակ, խթանել Կառավարության հետ ակտիվ երկխոսությունը՝ Հայաստանում Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ, արդյունավետ, մասնակցային, մասնագիտացված մարմին ստեղծելու և ապօրինի հարստացումը քրեականացնելու ուղղությամբ` այդ նպատակով ստեղծելով Քաղաքացիական հասարակություն-Կառավարություն փորձագիտական աշխատանքային խումբ:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031