Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա Ծառուկյան՝ չկան տրակտորներ, Մարտի 8 ու Նոր Տարի»

Մարտ 16,2015 14:30

ԲՀԿ-ից դուրս եկած գյուղապետերի անկեղծ խոստովանությունները

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխին սեւ ամպեր կուտակվելուց առաջ Շիրակի մարզում կային ԲՀԿ-ական 7 համայնքապետեր, որոնցից մեկը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էր, մյուս վեցը գյուղապետեր էին: Գյումրու քաղաքապետը Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալուց րոպեներ անց հայտարարեց նաեւ իր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը լքելու մասին: Նա իր հեռանալը պայմանավորեց Գագիկ Ծառուկյան անձի հեռանալով, այսինքն՝ չկա Գագիկ Ծառուկյան կուսակցապետը՝ չկա անելիք այդ կուսակցությունում:
Ի տարբերություն Սամվել Բալասանյանի՝ շիրակցի մյուս համայնքապետերը պաշտոնական հայտարարություններ չտարածեցին ԲՀԿ-ից իրենց հեռանալու մասին, գնահատականներ չհնչեցրին:

«Առավոտը», հարցումներ կատարելով գյուղապետերի շրջանում, հետաքրքրվեց, թե նրանցից որոնք են դեռ մնացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերում: Պարզվեց, որ ոչ պաշտոնապես մյուս կուսակցականները եւս լքել են կուսակցության շարքերը:

Կամոյի գյուղապետ Ռոբերտ Ղազարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց. «Ես կուսակցություն մտել էի այն պատճառով, որ Ծառուկյանի սիմպատիան էր բռնել, հիմա այնտեղ անելիք չկա»: Մեր հարցին՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը հուսախաբ չարե՞ց իրեն, չհիասթափեցրե՞ց իր ծրագրերից, նպատակներից հետ կանգնելով, գյուղապետն ասաց. «Ոչ, ես չհիասթափվեցի նրանից, ես իրավունք չունեմ նրան քննադատելու, դա իր անձնական գործն է՝ մնա՞լ, թե՞ լքել քաղաքականությունը»: Այն հարցին էլ, թե ի՞նչ շահեց համայնքը ԲՀԿ-ական համայնքապետ ունենալով, գյուղապետն անկեղծացավ. «Մի անգամ մեր գյուղը գազիֆիկացրել են, ընդ որում՝ ոչ թե ԲՀԿ-ի միջոցներով, այլ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով, նրա հիմնադրամով: Իսկ հիմա կասեմ, որ պարզապես հեռանկար չկա այս կուսակցությունում մնալու»:

Ի դեպ, գյուղապետը զրույցի վերջում հայտարարեց, որ ինքը կուսակցությունը լքել էր դեռ 1 տարի առաջ, թեեւ մենք պարզեցինք, որ նա դիմում է ներկայացրել ընդամենը մեկ շաբաթ առաջ:

Կրաշենի գյուղապետ Արտուշ Սիմոնյանը, որը երկու տարվա ԲՀԿ-ական է, մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ կուսակցության շարքերը դեռ չի լքել: «Չեմ լքել, բայց երեւի դուրս գամ»: Մեր հարցին, թե չի՞ ուզում մի անգամ գոնե հանդիպել ԲՀԿ-ի նոր լիդեր Նաիրա Զոհրաբյանի հետ, անձամբ ծանոթանալ՝ նոր կողմնորոշվել, գյուղապետն ասաց. «Միգուցե մի հատ հանդիպեմ»: Հարցին՝ ի՞նչ տվեց այս կուսակցությունը համայնքին, գյուղապետն անկեղծորեն նկատեց՝ «Տրակտորներ»:

Սարալանջի գյուղապետ Ցոլակ Հովհաննիսյանն այնպես էր հիասթափված Գագիկ Ծառուկյանի գլխին եկածից, որ ասաց. «Էլ ոչ մի անգամ կուսակցական չեմ լինելու, ինձ այլեւս չի հետաքրքրում: Իմաստ չկար մնալու այս կուսակցության մեջ առանց Գագիկ Ծառուկյանի»: Հարցին՝ բա անձով պայմանավորվա՞ծ են կուսակցություն մտնում, ո՞ւր մնաց գաղափարախոսությունը, գյուղապետն ասաց. «Միայն Գագիկ Ծառուկյանի համար չեմ մտել, գաղափարախոսությունն էլ է դերակատարություն ունեցել»: Այն հարցին, թե ի՞նչ շահեցիք ԲՀԿ շարքերը մտնելով, գյուղապետը մեկ առ մեկ թվարկեց. «Գյուղի ուսանողների վարձավճարներ ենք մուծել, գյուղացիներին սերմացու ենք բաժանել, է՛լ սեպտեմբերի 1-ն ենք նշել, է՛լ Մարտի 8-ը, է՛լ Նոր Տարին»:

Սարակապի գյուղապետ Արծրուն Խաչատրյանը նշեց, որ կուսակցությունից հեռանալու դիմում չի ներկայացել, բայց, նրա խոսքերով՝ ներկայացրածի հաշիվ է, որովհետեւ ո՞վ է իր դիմումի կարոտը. «Իմաստ չեմ տեսնում դիմում գրելու մեջ»: Այդ դեպքում ինչո՞ւ են մյուսները գրում, հրապարակայնացնում ու նոր են հեռանում, գյուղապետն ասաց. «Նրանք վերնախավից են, մենք հասարակ գյուղացի ենք, ո՞վ է մեր դիմումին նայում, մենակ մտնելու ժամանակ են հետաքրքրվում»: Այս գյուղապետը, լինելով 7 տարվա ԲՀԿ-ական, եւս իրեն թույլ չտվեց քննադատել Գագիկ Ծառուկյանին՝ ասելով, որ քաղաքականությունից դուրս գալը նրա իրավունքն է: Հովունիի գյուղապետ Թելման Միրջանյանն էլ պարզաբանեց, որ դեռ 1,5 տարի առաջ է դուրս եկել ԲՀԿ շարքերից, իսկ թե ինչ պատճառով, գյուղապետը չմանրամասնեց, միայն ասաց. «Անձնական մոտիվներով»: ԲՀԿ-ական գյուղապետերից միակը Ոսկեհասկի ղեկավար Արտաշես Սահակյանն էր, որը պատճառաբանելով, թե խիստ զբաղված է, չցանկացավ պատասխանել մեր հարցերին:

Նշենք, որ այս անձինք, որոնք բանավոր հայտարարում են իրենց դուրս գալու մասին, կուսակցության շարքերը պաշտոնապես լքելու դեպքում կկանգնեն խնդիրների առաջ. ստիպված կլինեն գնալ մայրաքաղաք՝ դիմում գրելու, քանի որ այլեւս ո՛չ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակներ կան Շիրակի մարզում, ո՛չ էլ ընտրատարածքային ԲՀԿ խորհուրդներ ու նախագահներ, որոնք կընդունեն նրանց դիմումները:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031