Լրահոս
Օրվա լրահոսը

Քշիշտոֆ Բոբինսկին` Հայաստանի ընտրությունների մասին

Մարտ 16,2015 11:28

Երեւանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստում, Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին (լուսանկարում) իր ելույթում նկատեց, որ Հայաստանը, գիտակցելով քաղաքացիական հասարակության ձևավորման կարևորությունը, ճանապարհներ է փնտրում բարելավելու իր հարաբերություններ Եվրամիության հետ, թեև սկսել է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը. «Ենթադրում եմ, որ երբ խոսում ենք իրավունքի գերակայության մասին, բացարձակ հիմքը ազատ, թափանցիկ, արդարացի ընտրություններն են: Կուզենայի դիմել բոլորին, որպեսզի այս սկզբունքին մնան հավատարիմ, աշխատեն քաղաքացիական հասարակության ֆորումի հետ: Ես գիտեմ, որ երբեմն ընտրությունների ժամանակ աչք են փակում խախտումների վրա, ու սա լավ չէ: Երբ խորհրդարանում պատգամավորները չեն ընտրվում արդար, թափանցիկ ձևով, ապա այդ պատգամավորները չեն կարող զբաղվել օրինաստեղծ աշխատանքով: Ուստի պետք է կոչ անեմ պաշտպանել այս արժեքները, որ քաղաքական խաղեր չխաղան ընտրությունների հետ»:

Եվրոպացի պաշտոնյան անդրադարձավ նաեւ Հայաստանի ընտրություններին` հիշեցնելով, որ Հայաստանում նախագահական վերջին ընտրություններից հետո ԵԱՀԿ ներխուժեցին ակտիվիստներ և հորդորեցին վերջ տալ խաղերին, անցկացվեցին ցույցեր: Ըստ եվրոպացի պաշտոնյայի՝ ընտրախախտումները վնասում են Եվրամիության, եվրոպական կառույցների պատիվն ու արժանապատվությունը:

Վրաստանի ներկայացուցիչ, Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության անդամ Վանո Չխիկվաձեն էլ խոսեցիր երկրի թերությունների և առավելությունների մասին: Չխիկվաձեն հայտարարեց, որ Վրաստանում վիզաների ազատականացման ռեժիմի հակախտրականական օրենք է ընդունվել, ինչը կարևոր քայլ է ժողովրդավարության զարգացմանն ընդառաջ: Վրաստանի ներկայացուցիչն ասաց, որ իրենք խոսքի ազատության հետ կապված դրական զարգացումներ են արձանագրել: Չմոռացավ նաեւ իրավական համակարգում դեռ առկա թերացումները, մասնավորաբար, դատավորների նշանակման կանոնների հետ կապված: Ասաց, որ բացակայում են մեխանիզմները` նախկինում տեղի ունեցած չարաշահումների բացահայտման վերաբերյալ:

Վանո Չխիկվաձեն դրական քայլերի շարքում ընդգծեց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը.«Հարաբերությունները ՌԴ հետ կարծես վերականգնվում են: Բայց մենք չենք տեսնում՝ Վրաստանը ի՞նչ է զոհաբերում ՌԴ հետ լավ հարաբերություններ հաստատելու համար»: Նա նաեւ շեշտեց, որ միաժամանակ իշխող կոալիցիայից հնչում են տեսակետներ, որ Վրաստանի լիարժեք ինտեգրումը ՆԱՏՕ-ին և Եվրամիություն անհնար է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031