Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցությունների բացառիկ շանսը

Մարտ 16,2015 15:00

Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ այժմ քաղաքական գործընթացները Հայաստանում կախված են քաղաքական ուժերից, իսկ «Ժառանգությունում» սպասում են նախագահի պատասխանին:

Նախօրեին սոցիալական ցանցերում բավական քննարկվեց ու քննադատվեց ԲՀԿ-ի, «Ժառանգության», ՀՀՇ-ի, «Ազատ դեմոկրատների», Միավորված աշխատանքային կուսակցության հանդիպումները նախագահական ապարատում եւ Սերժ Սարգսյանի հետ ձեռքսեղմումները: Քննադատողները հիմնականում ՀԱԿ-ի եւ առաջին նախագահի համակիրների շրջանակից էին: Հանդիպումները եւ քննարկումները, հիշեցնենք, նվիրված էին սահմանադրական բարեփոխումներին:

«Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ այդ քննադատությունները, որակումներն ու պիտակավորումները, հաճախ անգամ վիրավորանքի հասնող, Ձեզ շա՞տ են կաշկանդել, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Ընդհանրապես»: Նա ասաց, որ իբրեւ ազատական քաղաքական ուժ՝ իրենք միշտ կողմնակից են եղել հարցերի հրապարակային եւ թափանցիկ քննարկումներին, իսկ ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հարցն այնպիսի կարեւոր օրակարգային հարց է ՀՀ քաղաքացիների համար, որի առիթով իրենք չեն կարող բաց ու հրապարակայնորեն չներկայացնել սեփական տեսակետները: «Մենք երբեւիցե չենք հայտարարել, որ կողմնակից ենք սահմանադրական փոփոխություններին: Ավելին, միշտ նշել ենք, որ Հայաստանում առկա խնդիրները Սահմանադրությունից չեն բխում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ իրենք բազմիցս են հայտարարել այն մոտեցումը, որ Հայաստանի համար առավել նախընտրելի են համարում ամբողջական նախագահական համակարգը: «Ազատ դեմոկրատների» համար քննության չի ենթարկվում այն, որ Հայաստանում կան կոռուպցիա, դատական համակարգի թերություններ, ոչ հավասար մրցակցային պայմանների ապահովում եւ այլն, բայց. «Այլ խնդիր է, որ կարող է լինել ավելի հստակ Սահմանադրություն:

Serj_Jarangutyun

Օրինակ՝ եթե Սահմանադրությամբ ամրագրվի, որ նախագահները երկու անգամից ավելի, ոչ թե անընդմեջ, այլ առհասարակ, չեն կարող առաջադրվել, ապա Հայաստանի քաղաքական համակարգն այս վիճակում, իմ խորին համոզմամբ, չէր լինի: Թեկուզ մեր կուսակցության ծրագրային կետերից է խորհրդարանական համակարգին անցումը, բայց կարծում եմ, որ թե նախագահական, թե խորհրդարանական համակարգերի դեպքում էլ կարելի է արդյունավետ կամ ոչ արդյունավետ աշխատել: Աշխարհում դրա փորձը կա: Նախագահականի արդյունավետ համակարգ է ԱՄՆ-ը, պառլամենտականը՝ Գերմանիան, ոչ արդյունավետ ես կհամարեի Իտալիայի փորձը, որտեղ միեւնույն քաղաքական խումբն ու վարչապետը հնարավորություն են ունենում երկարաժամկետ իշխանավարելու: Այս առումով մենք ունենք մեր առաջարկները՝ թե՛ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, թե՛ դատական համակարգի տարանջատման, թե՛ պաշտոնավարման ժամկետների եւ այլնի մասին: Մենք երբեւիցե չենք խորշել՝ ներկայացնելու մեր տեսակետները, այս պահին էլ կրկնում ենք՝ եթե քաղաքական մեծամասնությունը որոշում է կայացրել, իսկ որոշումն արդեն կայացվել է, որ գնում ենք սահմանադրական փոփոխությունների, ապա չի կարելի անմասն մնալ այդ քաղաքական եւ իրավական կարեւորագույն փաստաթղթի քննարկումներից»:

Մի կողմ քաշվելն ու սեփական մոտեցումները չներկայացնելն, ըստ Խաչատուր Քոքոբելյանի, նշանակում է նպաստել քաղաքական մեծամասնությանը ձեռնտու փաստաթղթի ընդունմանը. «Գործընթացին չմասնակցելը մոտեցումները չներկայացնելը, նույնն է, թե թողնել բարձիթողի վիճակում: Ընդհանրապես ինձ համար անհասկանալի են կրավորական դիրքորոշմամբ մոտեցումները կամ հայտարարությունները, որ բովանդակային առումով մասնակցություն չեն ունենալու: Իմ կարծիքով՝ պետք է մասնակցություն ունենալ եւ մոտեցումները ներկայացնել: Որեւէ լղոզված բան խոստումնալից արդյունքների չի կարող բերել»: Ի վերջո, «Ազատ դեմոկրատները» «կո՞ղմ» է, թե՞ «դեմ» սահմանադրական բարեփոխումներին՝ վերջնական կարծիք կհրապարակեն սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դրվելիք նախագծի հրապարակումից հետո, քանզի չիմանալով, թե ինչի մասին է խոսքը, անհեթեթ են համարում «կողմ» կամ «դեմ» լինելը: Հարցին՝ մասնակցելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներին՝ չի՞ նշանակում լեգիտիմացնել իշխանությունների՝ վերարտադրվելու հավակնությունները, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ: Ենթադրենք՝ քաղաքական ուժերն ու հասարակական կառույցները չեն մասնակցում որեւիցե քննարկման: Բայց միշտ էլ կլինեն քննարկողներ, ու լեգիտիմության-ոչ լեգիտիմության խնդիր չկա: Չմասնակցելով՝ քեզ զրկում ես գործընթացի վրա ազդեցություն ունենալու հնարավորությունից ի սկզբանե: Տվյալ դեպքում՝ բավական կարեւորագույն հարցի վերաբերյալ: Քաղաքական ուժերի հիմնական գործառույթը քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալն է, ուստի ինձ համար անհասկանալի են հակառակ մոտեցումները: Չմասնակցելն էլ տեսակետ է, բայց իմ կարծիքով՝ անարդյունավետ մոտեցում է»:

Իսկ ի՞նչ տպավորություններ են ստացել Ազատ դեմոկրատները Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից ու զրույցից՝ իշխանությունն առա՞ջ է մղելու ամեն կերպ վերարտադրման գործընթացը, թե՞ մոտեցումներում վերանայումները հնարավոր են, մասնավորաբար՝ հրաժարվել խորհրդարանական համակարգին անցնելուց: Նկատենք, որ ՀՀԿ ԳՄ նիստից հետո էլ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց՝ խորհրդարանի դատին ներկայացվելու է սահմանադրական բարեփոխումների երկու հայեցակարգ: Երեկ էլ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը վերահաստատել էր իր մոտեցումը՝ կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ՝ տարակուսելով խորհրդարանական համակարգի արդյունավետության մասով: Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ նախագահի հետ զրույցից պարզ է դարձել, որ խորհրդարանին կներկայացվի երկու փաստաթուղթ՝ մեկը՝ նախագահական, մյուսը՝ խորհրդարանական համակարգով: «Քաղաքական գործընթացները կախված են քաղաքական ուժերից, եւ եթե քաղաքական ուժերը, հատկապես ընդդիմությունը, ճիշտ ու արդյունավետ մոտեցումներ ցուցաբերեն, կարելի է նաեւ շատ արդյունքների հասնել: Դա ակնհայտ իրողություն է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

«Ժառանգությունը» հայտարարել էր, որ երեք պահանջ է ներկայացրել իշխանություններին, որոնք կատարելու դեպքում իրենք պատրաստ են մասնակցել սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկմանը: Երեք պայմաններից մեկը համամասնական ընտրակարգին անցնելն է, ընտրական ցուցակները հրապարակելը:

Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ դատելով նրանից, որ ուշ երեկոյան, այնուհանդերձ, կայացավ Սերժ Սարգսյանի եւ «Ժառանգության» ներկայացուցիչների հանդիպումը, իրենց պահանջներն ընդունվե՞լ են: «Ընդունման մասին այս պահին խոսք չկա»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նախագահին իրենք հենց այդ առաջարկներն են ներկայացրել: Եվս երկու առաջարկ են ներկայացրել՝ կապված նրա հետ, որ ՀՀ-ի ինքնիշխանությունն անփոխարինելի պետք է լինի, ոչ թե հանրաքվեով վճռվի, եւ եթե ցանկանում ենք նորմալ քաղաքական զարգացումներ ու կուսակցություններ ունենալ, ապա պետք է պետական ֆինանսավորում ունենալ: Այս առաջարկների ընդունումը, ըստ մեր զրուցակցի, կհաստատեն իշխանության նպատակի անկեղծությունը, եւ «Ժառանգությունը» կմտնի բովանդակային քննարկումների մեջ:

«Իմ հանդիպումների ժամանակ քաղաքական որեւէ ուժ առարկություն չի ունեցել հայեցակարգի հաստատման վերաբերյալ»,- երեկ ասել է Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ: Մինչդեռ այն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, ովքեր հանդիպել են նախագահի հետ, հայտարարում են, որ Հայաստանի խնդիրները Սահմանադրությամբ չեն պայմանավորված: Այս դիտարկման առիթով Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Մեր մոտեցումներում ոչինչ չի փոխվել: Ասել ենք, որ սպասելու ենք ձեր պատասխանին: Հայեցակարգի կամ բովանդակության հետ կապված քննարկում չենք արել, մեր առաջարկներն ենք ներկայացրել, ուստիեւ մեր մոտեցումը նույնն է»: Այն, որ Սերժ Սարգսյանի մոտ հանդիպումներն արժանացան տարբեր որակումների, Արմեն Մարտիրոսյանին չի զարմացնում. «Առաջին անգամը չէ, որ «Ժառանգությունը», նաեւ ես, քննադատության թիրախ ենք դառնում: Վիրավորանքների մասին էլ չեմ խոսում: Բայց այս տարիները ցույց են տվել, թե «Ժառանգությունն» ինչպիսի քաղաքական ուժ է, կամ ես ինչ քաղաքական մոտեցումներ ունեմ: Սոցիալական ցանցերում, բացի մտահոգ մարդկանցից, կան նաեւ որոշակի քաղաքական շահագրգռություններ ունեցող մարդիկ: Բայց այլոց սեւացնելով՝ փորձել տեղ գրավել քաղաքական դաշտում, առաջին անգամը չէ ու անօգուտ է: Մեր քաղաքացիները հետեւություններ են անում մեր գործողություններից:

Մենք հրապարակային ենք խոսում, այլոց նման ստվերային պայմանավորվածությունների չենք գնում»: Նա նաեւ նկատեց, որ «Ժառանգությունը» միշտ պատրաստ է եղել հանդիպել ու քննարկումներ անցկացնել այն ուժերի հետ, որոնք ցանկություն են ունեցել: Այդ թվում եղել են նաեւ ուժեր ու առաջնորդներ, որոնց գործունեության ընթացքը բնավ դրական չի բնութագրվել. «Ուստի այդպիսի մեծ աժիոտաժ առաջացնել մի հանդիպումից, որը հրապարակային է եղել, ճիշտ չէ: Մանավանդ՝ որեւէ համաձայնություն ձեռք չի բերվել՝ բացի նրանից, որ մեր առաջարկները մեկ անգամ էլ կքննարկեն ու մեզ կտեղեկացնեն արդյունքների մասին»: «Հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: «Ժառանգության» հետ այս մասնակցությունը որեւէ կապ չունի»,- կուսակիցների քայլն այսպես է որակել Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ «Ժառանգություն» կուսակցությունում եղել է խորհրդակցություն, որտեղ բոլորը այս հրավերի մասնակցությանը դեմ են արտահայտվել: Արմեն Մարտիրոսյանը եւ Ռուբիկ Հակոբյանը նույնպես ներկա են եղել: Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ շատ հանգիստ է վերաբերվում Փոստանջյանի ասածներին: «Որեւէ մեկնաբանություն չեմ անելու: Եթե 2003-ից մինչ օրս կլինի մեկ քայլ՝ անկախ իր կարեւորությունից, որը կատարվել է իմ կողմից եւ հակասում է կուսակցության շահերին՝ պատրաստ եմ պատասխան տալ»,- ասաց մեր զրուցակիցը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է իրենց կուսակցությունից հեռացնեն: Թե ինչպե՞ս է Րաֆֆի Հովհաննիսյանը վերաբերվում այդ ամենին՝ կասի կուսակցության առաջնորդը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
14.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031