Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեւորգյան հոգեւոր ճեմարանը գրավում է նաեւ կաթոլիկներին եւ ուղղափառներին

Մարտ 16,2015 13:30

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում ավելի քան 140 տարիների ընթացքում ուսանել են այնպիսի երեւելիներ, ինչպիսիք են կաթողիկոսներ Գեւորգ Զ Չորեքչյանը, Գարեգին Ա Հովսեփյանը, Գարեգին Բ Ներսիսյանը, արվեստի եւ մշակույթի գործիչներ Մանուկ Աբեղյանը, Նիկողայոս Ադոնցը, Ավետիս Ահարոնյանը, Նիկոլ Աղբալյանը, Հրաչյա Աճառյանը, Մակար Եկմալյանը, Ավետիք Իսահակյանը, Կոմիտաս վարդապետը, Լեւոն Շանթը…

Հայաստանի անկախության հռչակումից հետո ճեմարանին շնորհվեց աստվածաբանական համալսարանի բարձրագույն կրթության կարգավիճակ: Հայաստանցի եւ սփյուռքահայ երիտասարդներից բացի, վերջին շրջանում, միջեկեղեցական հարաբերությունների շրջանակներում, Գեւորգյան ճեմարանում հայոց լեզու ու գրաբար են ուսանում նաեւ կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ:

«Առավոտը» հանդիպեց Լեհաստանից կաթոլիկ եկեղեցու աբեղա Միրոսլավ Չիխոնի, բրազիլահայ Արման Նագաշյանի եւ ռումինահայ Գեւորգ Դամյանի հետ:

Միրոսլավ Չիխոնը հայտնեց, որ ավարտել է Կրակովի թեմի ճեմարանը, 5 տարի ծառայել է տեղի եկեղեցում, հիմա էլ սովորում է Կրակովի պետական համալսարանում: 2014թ. ամռանից նա Գեւորգյան ճեմարանում է՝ գրաբարից լեհերեն սուրբ Գրիգորի վարդապետությունը թարգմանելու նպատակով: «Եկեղեցին մինչեւ 451թ. ընդհանրական էր, բնականաբար՝ ընդհանրական էր եւ հավատամքը: Մեր եկեղեցին ցանկանում է ուսումնասիրել մինչեւ տրոհումը եղած վարդապետությունը, հավատամքը, քանի որ ընդհանրական եկեղեցու (Կաթոլիկ, Առաքելական) առաջին բաժանումից հետո վարդապետությունը տրոհվեց»,- ասաց Միրոսլավ Չիխոնը: Իսկ թե ի՞նչ վերաբերմունք ունեն լեհերը Հայոց ցեղասպանության կնճռոտ խնդիրների վերաբերյալ հարցին, մեր զրուցակցի հավաստմամբ՝ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին, Կրակովում, Սուրբ Նիկողայոս եկեղեցու խաչքարի մոտ կատարվում է հոգեհանգստի արարողություն, մասնակցությամբ հայ համայնքի ու, բնականաբար, լեհերի: «Այս տարի Կրակովի հայկական համայնքը Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով կազմակերպելու է նաեւ գիտաժողով ու ցուցահանդես, բանականաբար՝ դարձյալ ներկա կլինեն համերկրացիներս»,- հավելեց հոգեւորականը:

Մեզ հետ զրույցում Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ուսանող Արման Նագաշյանն ասաց, որ 5 տարի ծառայել է Սան Պաուլոյի եկեղեցում ու քանի որ ցանկություն ունի դառնալ հոգեւորական, ինչի համար, իր խոսքերով՝ «ընտրել եմ գիտելիքի շտեմարանի համբավ ձեռք բերած Գեւորգյան հոգեւոր ճեմարանը»: Գեւորգ Դամյանն էլ Բուխարեստում մեկուկես տարի ծառայել է որպես դպիր ու դարձյալ ընտրել Գեւորգյան ճեմարանը: Երկու ուսանողներն էլ հավաստիացրին, որ այստեղ ուսանելու համար երաշխավորել են իրենց թեմերը, ուսումնառությունից հետո ծննդավայրերում որպես հայ հոգեւորականներ ծառայելու պայմանով:

Ճեմարանի ուսանողները նշեցին, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին իրենց երկրներում տարբեր միջոցառումներ են անցկացվում, որին ներկա են լինում ոչ միայն հայեր, այլեւ տեղացիներ: Արման Նագաշյանի խոսքերով՝ Սան Պաուլոյում գտնվող Սուրբ Գեւորգ եկեղեցին պատարագ է մատուցում եղեռնի անմեղ զոհերի համար, իսկ եկեղեցու դիմաց անմար կրակի շուրջ այդ օրը հավաքվում են հայկական կաթոլիկ, ավետարանական, առաքելական եկեղեցու սպասավորներն ու հավատացյալները եւ կատարվում է հոգեհանգստի արարողություն: «Ի դեպ, Սան Պաուլոյի մետրոյի կայարաններից մեկը կրում է «Հայաստան» անունը եւ մուտքի մոտ դրված է հայկական խաչքար»,- հավելեց մեր զրուցակիցը:

Գեւորգ Դամյանն էլ հայտնեց, որ ապրիլի 24-ին Բուխարեստի հայկական փողոցը փակվում է, դադարում է երթեւեկությունը, հայերն ու տեղաբնակներն էլ դուրս են գալիս խաղաղ ցույցի՝ հայկական դրոշներով եւ եղեռնագործությունը դատապարտող պաստառներով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Միրոսլավ Չիխոնը, Արման Նագաշյանը եւ Գեւորգ Դամյանը:

 

«Առավոտ» օրաթերթ
14.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031