Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսպորտում ուրիշի խոսակցությանն ականջ դնելն անքաղաքավարություն է

Մարտ 16,2015 11:30

Սովորաբար ավտոբուս բարձրանում են հետեւի դռնից, իսկ իջնում՝ առջեւից։ Բայց Հայաստանում ոչ միայն այդ կանոնը չի գործում, այլեւ օրվա պիկ ժամերին անգամ նորմալ 2 ոտքի վրա է դժվար կանգնելը: Դե արի ու պահպանի էթիկայի կանոնները: Ըստ էթիկետի նորմերի՝ տրանսպորտից առաջինը իջնում է տղամարդը եւ օգնում ուղեկցուհուն, տարեց մարդուն կամ երեխաներին, իսկ բարձրանալիս առաջնությունը տրվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց, ծերերին, երեխաներին եւ կանանց։
Եթե կանգառում շատ մարդ է հավաքված, անհրաժեշտ է հերթ պահպանել, ոչ թե իրար հրմշտելով անցնել առաջ:

Բարեկիրթ մարդը, երբ մտնում է խցիկ, անմիջապես չի զբաղեցնում ազատ տեղը, այլ այն զիջում է կանանց եւ տարեցներին։ Կինը սովորաբար իր տեղը չի զիջում տղամարդուն, սակայն երիտասարդ աղջիկը կարող է իր տեղը զիջել տարեց տղամարդուն, իսկ հաշմանդամություն ունեցող մարդկանց, ծերերին եւ հղի կանանց պետք է տեղ զիջեն թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։ Երբ փորձում եք ձեր տեղը մեկ ուրիշի զիջել, պետք է սիրալիր ժպտալով ասել. «Նստեք, խնդրեմ»։

Անքաղաքավարի է դժկամությամբ տեղից վեր կենալը եւ արհամարհական հայացքով դիմացինին ազատ տեղը ցույց տալը, իսկ նստողը պետք է անպայման շնորհակալություն հայտնի, այլ ոչ թե ցույց տա, որ տեղը զիջողը իրեն պարտական էր։ Լինում են դեպքեր, երբ քաղաքային տրանսպորտում ուղեւորներից ոմանք ուրիշների ներկայությամբ իրենց կարգի են բերում կամ սանրվում են եւ օգտվում դիմափոշուց կամ շրթներկից: Բայց դա դեռ սարսափելի չէ, ինչը, երբ որեւէ մեկը հեռախոսով բարձրաձայն եւ երկար խոսում է իր անձնական հարցերի շուրջ։ Ըստ էթիկետի՝ ծնողները պետք է հետեւեն, որպեսզի երեխաները կեղտոտ ոտքերով չբարձրանան նստարաններին, կամ ձեռքի փաթեթներն ու պայուսակները պետք է նստարանին դնել միայն այն դեպքում, երբ կանգնած մարդիկ չկան, եւ տեղերն ազատ են։ Գիրք կամ լրագիր կարելի է կարդալ միայն այն դեպքում, երբ ոչ ոքի չենք անհանգստացնում։ Լրագիրը պետք է կարդալ ծալած վիճակում, չբացել ամբողջությամբ, չի կարելի նայել կողքի նստածի գրքին կամ լրագրին։ Չափազանց անքաղաքավարի է տրանսպորտում մարդկանց զննելը։

Եթե դրսում ձյուն է կամ անձրեւ, պետք է թրջված անձրեւանոցները որքան հնարավոր է՝ հեռու պահել ուղեւորներից։ Ծանոթին տեսնելիս չպետք է բարձրաձայն կանչել նրա անունը՝ ամբողջ շրջապատի ուշադրությունը բեւեռելով ձեզ վրա։

Բարձրաձայն խոսակցությունն ու ծիծաղը խանգարում են մարդկանց եւ վայելուչ չէ ուրիշների ներկայությամբ ընտանեկան կամ աշխատանքային գործերից խոսելը, ինտիմ հարցեր քննարկելը։ Անքաղաքավարի է նաեւ ուրիշների խոսակցությանն ականջ դնելը։
Քաղաքային տրանսպորտով երթեւեկելիս պետք է հարգալից լինել ոչ միայն միմյանց նկատմամբ, այլեւ վարորդի հանդեպ պետք է պահել էթիկայի նորմերը եւ նրա հետ խոսել հարգալից: Կանգառից դուրս կանգառ պահանջելը կամ իջնելիս ուղեվարձը չվճարելն անհարգալից վերաբերմունք է։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
14.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031