«Հուսով եմ, որ կգա մի ժամանակ, երբ Եվրանեսթի ադրբեջանական պատվիրակությունը կկարողանա այցելել այստեղ»,- ՀՀ խորհրդարանում, Եվրանեսթ խորհրդարական վեհաժողովի և քաղաքացիական հասարակության համատեղ նիստի ժամանակ նման դիտարկումով հանդես եկավ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին` ցավ հայտնելով, որ ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցում այս նիստին:
Հիշեցնենք, մարտի 16-18-ը Հայաստանում տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը: Աշխատանքների առաջին օրը մեկնարկեց ԱլԳ ՔՀՖ-ի նիստով, որը վարում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Քշիշտոֆ Բոբինսկին նաեւ արժեւորեց հատկապես վերջին տարիներին շատ երկրներում քաղաքացիական հասարակությունների կայացումը: Նա նաև հույս հայտնեց, որ կգա ժամանակ, երբ այդ երկրներում քաղբանտարկյալներ չեն լինի, ու քաղաքացիական ակտիվիստների վիճակն էլ Հայաստանում կբարելավվի:
ԱլԳ ՔՀՖ-ի Ուկրաինայի ազգային պլատֆորմի ներկայացուցիչ Իրինա Սուշկոն հավելեց, որ քաղաքացիական հասարակությունը շատ դեպքերում առաջ է անցնում քաղաքականությունից՝ ապահովելով անկախ փորձաքննություն քաղաքական առումով, և կատարում է կառավարության աշխատանքը, երբ պետական կառույցներն ու մարմինները թույլ են եւ անգործ: Նա նկատեց, որ քաղաքացիական հասարակության կայացման առումով, ԱլԳ-ը ձևավորել է բազմաթիվ կազմակեպություններ, որոնք ձեռք ձեռքի տված աշխատում են: Տիկին Սուշկոն նաև ընդծեց, որ երեք երկրների հետ ԵՄ-ի ասոցացումը խթանեց երկկողմ քաղաքացիական հասարակությունների ձևավորմանը:
Հիշեցնենք, անցած տարի, Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան նախաստորագրեցին ԵՄ ասոցացման համաձայնագրերը: Իր ելույթում Ուկրաինայի ներկայացուցիչը շեշտեց, որ բոլոր հետխորհրդային արհմիությունները վերածվել են օլիգարխիկ միավորումների, և այս պայմաններում դժբախտաբար ստեղծվում է մի վիճակ, որը կարող է վնաս հասցնել ԵՄ իմիջին:
Կարդացեք նաև
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Եվրանեսթի փոխնախագահ Հեիդի Հաութալան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ