Այսօր Շիրակի մարզի 5 համայնքներում՝ Հառիճում, Անուշավանում, Սարակապում, Կարմրավանում ու Արփենիում ՏԻՄ ընտրություններ էին: Եթե Հառիճում, Սարակապում ու Անուշավանում միակ թեկնածուները գործող գյուղապետերն էին, ապա Աշոցքի տարածաշրջանի Արփենի ու Կարմրավան գյուղերում միմյանց դեմ էին դուրս եկել հարազատ եղբայրներն ու հորեղբոր որդիները:
Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը Արփենիում գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Արսեն Անդրանիկի Առաքելյանին հաղթել է նրա հարազատ եղբայրը՝ Վահագն Առաքելյանը, որը անկուսակցական է: Մարզպետարանի պաշտոնյան հավաստիացնում է, որ այս երկու եղբայրների միջեւ որեւէ կոնֆլիկտ չկա, պարզապես գործող գյուղապետը չէր ուզում այլեւս պաշտոնավարել: Արփենին , ըստ մարզպետարանի պաշտոնյայի, ունի 356 բնակիչ, որից 278-ն ունեն ընտրելու իրավունք: Ընտրություններին մասնակցել են 131 հոգի, եղբայրներից գործող գյուղապետը ստացել է 35 ձայն, իսկ մյուսը՝ 96 ձայն:
Աշոցքի տարածաշրջանի մեկ այլ գյուղում՝ Կարմրավանում թեժ, կատաղի պայքար էր սկսվել երկու հարազատ հորեղբոր որդիների միջեւ, որոնք երկուսն էլ Հանրապետական են. գործող գյուղապետ Ֆելիքս Հարությունյանի եւ Մանուկ (գյուղում առավել հայտնի է Մակեդոն անվամբ), Հարությունյանի միջեւ: Այսօր հաղթել է Մակեդոնը, որն ի դեպ, գործող գյուղապետի հետ համեմետ, բավական տարեց է եւ առաջին անգամն է ընտրվում գյուղապետ: Այս գյուղի բնակչության թիվը 238 է, ընտրողների թիվը՝ 193, քվեարկությանը մասնակցել են 151 ընտրողներ: Մանուկ Հարությունյանը ստացել է 93 ձայն, Ֆելիքս Հարությունյանը՝ 58 ձայն: Նշենք, որ այս գյուղի բնակիչները փոփոխություն էին ուզում: Նրանց ասելով, իրենք ուզում են, որ իրենց գյուղի անունն էլ մեկ-մեկ արտաբերող լինի, լսողը չզարմանա, որ քարտեզի վրա նման տեղանք կա:
Հառիճը բավական շատ բնակչություն ունեցող գյուղերից է, այն ունի 1139 բնակիչ, ընտրողների թիվը 883 է, որից ընտրությանը մասնակցել են 531-ը: Այս գյուղում միակ թեկնածուն անկուսակցական գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանն էր: Նրա օգտին քվեարկել են 516 հոգի, 10-ը դեմ են քվեարկել, 5 քվեաթերթիկներ ճանաչվել են անվավեր: Հիշեցնենք, խոսքը այն գյուղի մասին է, որտեղ Ղազախստանի նախագահի պատվին Նազարաբեւի անվան փողոց կա:
Կարդացեք նաև
Ամենապասիվ ընտրությունները գրանցվել են Սարակապում, այն փոքր գյուղ է, բնակչության թիվը 640 է, ընտրողների թիվը 451 է, միակ թեկնածուն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը դեռևս պաշտոնապես չլքած Արծրուն Խաչատրյանն է: Ռուբեն Հարությունյանի տեղեկացմամբ, ընտրությանը մասնակցել են 173 հոգի, 166 կողմ է քվեարկել գործող գյուղապետին, 3-ը դեմ, 4 քվեաթերթիկներ ճանաչվել են անվավեր: Նշենք, որ այս գյուղում ընտրությունների պասիվ լինելը կապված է նաեւ տղամարդկանց արտագնա աշխատանքի գնալու հետ, վերջիններս տեղում չեն, որ գյուղապետն ընտրեն:
Դեռևս հայտնի չեն Անուշավան գյուղի ընտրությունների արդյունքները, այստեղ միակ թեկնածուն գործող գյուղապետն Երվանդ Գեղամի Հակոբյանն է, գյուղն ունի 2100 բնակիչ,1552 ընտրող, քվեարկության մասնակցել են 1023 հոգի: Այս գյուղում չնայած գյուղապետը մրցակից չունի, սակայն որոշակի ընտրախախտումներ գրանցվել են, մասնավորապես այն, որ գյուղապետի որդին, որը եղել է նրա վստահված անձը, փորձել է ուրիշի անձնագրով մասնակցել քվեարկությանը: Շիրակի մարզպետարանի պաշտոնյան մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղապետի որդին իրեն պարզաբանել է, թե դա շփոթմունք է եղել: Ինքը մտել է քվեարկության, սակայն իր անձնագիրը ներկայացնելու փոխարեն , շփոթվել ու տվել է այնտեղ դրված մեկ այլ անձնագիր: Այնուհետ տեսնելով, որ դա իրենը չէ, կանչել են անձնագիրը այդտեղ թողած մարդուն ու վերադարձրել են տիրոջը: Նշենք սակայն, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը արձանագրում է . «Բազմակի քվեարկության փորձ 36/1 տեղամասում (Շիրակ, գյուղ Անուշավան): Համայնքի գործող գյուղապետ և թեկնածու Երվանդ Հակոբյանի վստահված անձը՝ Ալիկ Հակոբյանը, ով թեկնածուի որդին է, ցանկանում էր քվեարկել ուրիշի անձնագրով՝ Միքայել Դավթյան Ղևոնդի անունով: Հանձնաժողովի անդամն արդեն պատրաստվում էր գրանցել նրան ընտրողների ցուցակում, երբ դիտորդը կանխեց խախտումը: Դիտորդը բանավոր տեղեկացրեց հանձնաժողովի նախագահին, ով վերցրեց անձնագիրը: Դիտորդին հայտնի չէ, թե ո՞րտեղ է այժմ այդ անձնագիրը:
Նշված վստահված անձը շարունակում է գտնվել տեղամասում: Խախտումը չի գրանցվել մատյանում»:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Անուշավանի գործող գյուղապետ Երվանդ Հակոբյանին կողմ են քվեարկել են 971 հոգի, նրան դեմ եղել 24 հոգի, 28 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ