Ավարտվեց ազատ ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Հայտնի դարձան եւս չորս քաշային կարգերի հաղթողների անունները: Այս տարիքային խմբում հանրապետության չեմպիոն դարձան. 55 կգ՝ Հարություն Բարսեղյան, 66՝ Հակոբ Ավետիսյան, 84՝ Սարգիս Հովսեփյան, 120՝ Տիգրան Կիրեղյան:
Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը Aravot.am-ին ասաց, որ չեմպիոնները, հնարավորության դեպքում՝ նաեւ արծաթե մեդալակիրները, կսկսեն նախապատրաստվել հունիսին՝ Թուրքիայում կայանալիք Եվրոպայի եւ օգոստոսին, Բրազիլիայում՝ աշխարհի, առաջնություններին: Մեր հարցին, թե տարվա գլխավոր այդ ստուգատեսների միջեւ ընկած ժամանակահատվածը քիչ չէ՞ , որպեսզի մարզիկները կարողանան երկուսում էլ պատշաճ մակարդակով մեկնարկել, Ավետիք Վարդանյաննը պատասխանեց. «Դա մեզ համար նոր բան չի: Մեկնարկների միջեւ տարբերությունը մոտավորապես 50 օր է, ինչը նորմալ է: Պատահում է նաեւ, որ ավելի կարճ ժամանակ է մնում: Օրինակ, այս տարի պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների միջեւ ընդամենը 12 օրվա տարբերություն է լինելու»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ