Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիան Եվրոպայի կանանց 28-րդ առաջնությանը հայտավորել էր չորս հոգու, սակայն կանանց հավաքականը Թբիլիսի կմեկնի երեք մարզուհիներով:
Գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանից Aravot.am-ը տեղեկացավ, որ Վրաստանում մրցահարթակ կմտնեն Աննա Գովելյանը՝ 53 կգ քաշային կարգ, Իզաբելլա Յայլյանը՝ 58 կգ եւ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ +75 կգ:
«Նախնական հայտացուցակում կար նաեւ 63 կգ քաշային Քրիստինե Պետրոսյանի անունը, սակայն ուսումնամարզական հավաքը ցույց է տալիս, որ նա չի հասել լավագույն մարզավիճակի եւ իր ներկայիս պատրաստվածության աստիճանով դժվար թե ձգի մեդալների համար պայքարին: Այդ պատճառով նպատակահարմար գտանք, որ շնորհալի մարզուհին բաց թողնի Եվրոպայի առաջնությունը, շարունակի մարզումները եւ ամենայն լրջությամբ նախապատրաստվի տարվա գլխավոր մեկնարկին՝ աշխարհի առաջնությանը, որտեղ ամեն մի արդյունքը անչափ կարեւոր է օլիմպիական վարկանիշ նվաճելու համար», – ասաց մասնագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև